World News in Armenian

ԱՄՆ-ն ամրագրեց, որ ՀՀ-նն կարևոր դեր ունի տարածաշրջանում անվտանգություն ապահովելու գործում, որ զսպում է ագրեսիվ մտադրություններ ունեցողներին. Ռ. Մեհրաբյան

Հայաստանը կարևոր տեղ ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, ինչն ամրագրվեց ԱՄՆ-ի կողմից:

Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հայաստանի անկախության 26-րդ ամյակի առթիվ իրենց կողմից հղված շնորհավորական ուղերձներում խոսել էին տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում Հայաստանի դերի մասին:

«ԱՄՆ-ն արձանագրեց, որ Հայաստանը ագրեսիվ նպատակներ չի հետապնդում, ավելին՝ հանդես է գալիս ագրեսիվ մտադրություններ ունեցող սուբյեկտներին զսպողի դերում: Բացի այդ, քաղաքական քայլերը, որոնց արդյունավետության մասին մենք կարող ենք վիճել, կանխատեսելի են միջազգային հանրության համար և միտված են նրան, որ պատերազմ չլինի: Մինչդեռ, Հայաստանի օպոնենտները սպառնում են, որ պատերազմ կսկսեն»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:

Դիտարկմանը, թե փաստորեն ԱՄՆ-ն ամրագրում է, որ Արցախի ներկայիս կարգավիճակը սպառնալիք չէ տարածաշրջանային կայունության համար, Մեհրաբյանն այսպես արձագանքեց. «ԱՄՆ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կայանում է նրանում, որ կայունացվի դիմակայության գիծը: Դա նշանակում է կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում դիմակայության գծի կայունացում, որպեսզի լինեն առարկայական բանակցություններ: ԱՄՆ-ն արձանագրում է, որ Հայաստանի ու Միացյալ նահանգների շահերը համընկնում են: Իսկ Ադրբեջանի հետ ԱՄՆ շահերը չեն համընկնում, ավելին՝ մտնում են կոշտ հակադրության մեջ»:

Ռուբեն Մեհրաբյանը հորդորեց չտալ պիտակներ, թե արդյոք ԱՄՆ-ն կամ մեկ այլ գերտերություն հայամետ է, թե ոչ: Նա նշեց, որ ԱՄՆ-ն ի վերջո կատարում է այն, ինչ բխում է առաջին հերթին իր շահերից:

Հարցին, թե ամեն դեպքում ԱՄՆ նոր վարչակազմի փոփոխությունը ի օգուտ, թե՞ ի վնաս մեզ աշխատեց, Ռուբեն Մեհրաբյանը հռետորական հարցով պատասխանեց. «Իսկ ԱՄՆ-ն Հայաստանի դեմ ի՞նչ է արել»:

Վերլուծաբանը նշեց, որ այսօր Նյու Յորքում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը դրական ազդակ կհաղորդի գործընթացին: Ըստ Մեհրաբյանի՝ հանդիպման փաստն ինքնին կարևոր ձեռքբերում է բանակցային գործընթացի մեջ, իսկ թե ինչ դրական նստվածք կունենա այն, ապա վերլուծաբանն ասաց, որ սպասումներ ունենալ պետք չէ:

Ամեն դեպքում, ըստ նրա, Մինսկի եռանախագահները կաշխատեն հանդիպումը բանակցային գործընթացին նոր շունչ հաղորդելու առիթ դարձնել: «Չեմ կարծում, թե Մինսկի խմբի համանախագահներն էլ սպասելիքներ ունեն, որ այս հանդիպումից հետո հակամարտությունը կկարգավորվի, ոչ: Կարծում եմ, որ սպասելիքները կապված են հակամարտության կառավարելիության ապահովման հետ: Փաստը, որ ԱԳ նախարարները հանդիպում են, հարցեր են քննարկում, արդեն իսկ ձեռքբերում է: Բացի դրանից, ինչպես Էդվարդ Նալբանդյանն ասաց, հանդիպման ժամանակ կքննարկվի երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, ինչը ևս կարևոր է»:

Читайте на сайте