World News in Armenian

Արցախի մասին թուրք նախարարի հայտարարությունն այս պահին պատահական չէր, այն պայմանավորված էր Էրդողան–Պուտին հանդիպման հետ. քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Վարդանյանին  Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարությունը, թե Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը միասնական են և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել միմյանց, չի զարմացնում։ Նա Tert.am-ի հետ զրուցում նկատեց, որ բովանդակային առումով նորություն չկա,  քանի որ Թուրքիան ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, որ  ինքն այս տարածաշրջանում խոշոր խաղացող է, իսկ Ադրբեջանն իր  ռազմավարական դաշնակիցն է: Միևնույն   ժամանակ քաղաքագետը նկատեց, որ հայտարարություն այս օրերին անելն ամենևին պատահական չէր: Նրա կարծիքով՝  հայտարարություն արված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանն ընդառաջ:

«Սա նաև մեսիջ է ՌԴ-ին, այսինքն՝ Թուրքիան տարածաշրջանի մեկ այլ խոշոր խաղացողին՝ ՌԴ-ին, մեջիս է հղում, որ ինքը հետ քաշվելու որևէ պատճառ չունի, և խոշոր խաղացող  ՌԴ-ն սա պետք է հաշվի առնի: Թուրքիան ՌԴ-ին ասում է, որ չփորձի ամբողջությամբ իր վերահսկողությունը հաստատել այս տարածաշրջանի վրա, այսինքն՝  ՌԴ-ի կողմից տոտալ վերահսկողության փորձ չարվի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է  հայտարարության այն հատվածին, թե, անպայման, պետք է ազատագրել «օկուպացված» Ղարաբաղ, Վարդանյանը նշեց, որ  սա այն է, ինչի մասին միշտ խոսում  Ադրբեջանի ղեկավարությունը: Նրա գնահատմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը ևս մեկ անգամ շեշտում են, որ խնդիրն իրենք չեն մոռացել ու բարձրացնելու են բոլոր հնարավոր միջազգային հարթակներում: 

Դիտարկմանը, որ այս անգամ Թուրքիայի հայտարարությանը հայկական կողմն արձագանքեց ԱԳ փոխնախարարի մակարդակով, հնարավո՞ր է՝ հայկական կողմը մտավախություն ունի, որ Թուրքիան ու ՌԴ  փորձ կանեն բարձրացնել Արցախի հարցը և կունենան ադրբեջանամետ դիրքորոշում, քաղաքագետը պատասխանեց.«Չեմ կարծում, որ   նման մտավախություն կարող է լինել: Ընդհանրապես  կարծում եմ, որ այս հարցի վերաբերյալ ՀՀ-ն ու ՌԴ-ն, կարելի է ասել, որ  ունեն միասնական դիրքորոշում: Անկախ ՌԴ-ի դիրքորոշումից չեմ կարծում, որ ՀՀ այս առումով կարող է փոփոխել իր դիրքորոշումը:  Սա այն հարցը չէ, որ ՀՀ ղեկավարությունը կարող է չիմանալ ՌԴ-ի որոշումների մասին, ի տարբերություն այլ հարցերի»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ պաշտոնական Երևանի արձագանքը  միտված էր նրան, որ  փորձեցին ցույց տալ, թե վերահսկում են իրավիճակը: Վարդանյանի խոսքով՝ հայկական կողմի հանգստությունը դեռ չի նշանակում, որ մարտահրավերների դիմակայմանն ուղղված քայլեր չեն անում:

Հիշեցնենք, որ Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը միասնական են և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել միմյանց։

Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է միջամտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, ինչն էլ թույլ չի տալիս կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել։

Читайте на сайте