World News in Armenian

Ռուսերենի հայեցակարգի օգտին առցանց մակարդակում ձայներ կարելի է բերել՝ ոտքի հանելով քաղաքական ակտիվը. ՏՏ ոլորտի մասնագետ

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ընդամենը տեխնիկայի հարց է համարում որևէ հարցի առցանց քվեարկության ժամանակ այս կամ այն անձի, երևույթի կամ հարցի նկատմամբ կողմ կամ դեմ ձայները կանխորոշելը:

Դրա համար ընդամենը պետք է ոտքի հանել եղած «քաղաքական ակտիվը», իսկ դրա համար պետք է ընդամենը 100 տարբեր էլեկտրոնային հասցե:

Մասնավորապես, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր էր Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի համար հանրային պահանջարկ «ապահովելու» նկատառումներով «կողմ» քվեարկություններ ապահովել, մեդիա ոլորտի փորձագետն ասաց. «Իրականում, եթե մեկի ձեռքում 100 հատ «մեյլ» կա, ինքը կարող է 100 անգամ քվեարկել, քանի որ այս գործընթացում մարդը չի իդենտիֆիկացվում, որպես առանձին՝ անձնագրային առումով, քաղաքացի»:

Հիշեցնենք, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է դրված Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, որի տակ ցանկացողները կարող են դեմ կամ կողմ արտահայտվել:

Երեկ երեկոյան 33 տոկոսը դեմ է արտահայտվել, 67-ը՝ կողմ, սակայն շատերի համար այս թիվը կասկածելի է, մասնավորապես «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի, որն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ երկար ժամանակ հայեցակարգին դեմ էր 90 տոկոսը:

Որպես ամփոփում՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ, առհասարակ, յուրաքանչյուր առցանց քվեարկությունն ունի «1 անձ՝ 1 ձայն» սկզբունքի ապահովման անհնարինության խնդրիր:

Ի դեպ, այսօր՝ ժամը 14.15-ի դրությամբ նախածին կողմ էր 26, դեմ՝ 74 տոկոսը: Փաստորեն մեկ գիշերվա մեջ մոտ 9 տոկոսի փոփոխություն էր եղել:

Դեմ արտահայտվողներից Մարիամ Չախոյանը գրել է. «Մեր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է նույնքան «ուշադրությամբ», որքան մյուս առարկաները․ ինչո՞ւ է հարկավոր հատուկ ուշադրություն դարձնել ռուսերեն լեզվի առարկային։ Եթե Ռուսաստանն այդքան մտահոգված է Հայաստանում ռուսերեն լեզվի ջատագովմամբ, ապա թող մյուս երկրների պես ինքն էլ առաջարկի տարբեր գայթակղիչ ուսումնական ծրագրեր, կարիերայի աճի հնարավորություններ, վերջապես զանազան մրցույթներ անցկացնի ու պարգևներ սահմանի նրանց համար, ովքեր լավ կտիրապետեն ռուսերեն լեզվին, ինչպես դա անում է նաև հենց ինքը՝ այլ երկրներում։

Մեկ այլ քաղաքացի էլ՝ Սաշա Ղալեչյանը, առաջարկում է վերացնել դրույթը, համաձայն որի՝ ավագ դպրոցներում որոշ հանրակրթական առարկաներ (ֆիզիկա, մաթեմատիկա և այլն) հայերենին զուգահեռ պետք է դասավանդվեն նաև ռուսերեն:

«Ամենակարևոր և հիմնավոր վտանգը՝ այս պարագայում շատ կարճ ժամանակ անց հայերենը կամաց-կամաց կմղվի դեպի այսպես կոչված՝ խոհանոցային լեզվի կարգավիճակ, և այլևս գիտության և կրթության լեզու չի լինի՝ տեղը զիջելով ռուսերենին, որը շատ հայտնի և օբյեկտիվ պատճառներով ավելի տարածված է, ուստի և ավելի շատ գրված»,-գրել է ՀՀ ուսանող քաղաքացին:

Նա նաև առաջարկում է բոլոր ծախսերով, որ կպահանջվեն ռուսերենով հանրակրթական դասագրքերի ստեղծման համար, թարգմանել այն մասնագիտական գրքերը, որոնց պակասն այսօր ունի հայ ուսանողը: Իսկ դրանք, ըստ վերջինիս, հազարավոր են:

Читайте на сайте