World News in Armenian

ՄԽ համանախագահների հայտարարությամբ ֆիքսվեց` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն. Միհրան Հակոբյան

Այս բանակցություններում ևս մեկ անգամ ֆիքսվեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն` գործընթացը առարկայական փուլ բերելու տեսանկյունից. Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ըստ որի` հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում:


Միհրան Հակոբյանը կարևորեց, որ հայտարարությունում ֆիքսվում է, որ բանակցությունները կարող են շարունակվել միայն շփման գծում լարվածության մակարդակի նվազեցման պայմաններում, ինչը հայկական կողմի դիվանագիտական հաջողությունն է համարում:


Հիշեցնենք, որ ԵԱՀԿ կայքում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունում նշվում է, որ հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում և նախագահները համաձայնել են լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար:

Պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանական կողմը բանակցությունների նախորդող շրջանում փորձում էր սուր ճոճել, թե Հայաստանը համաձայնել է առանց նախապայմանների շարունակել բանակցությունները: «Հայկական կողմը տարիներ շարունակ պնդում է, որ հարկավոր չէ բանակցել մի իրավիճակում, երբ Ադրբեջանը գնալով լարվածության չափաբաժինը մեծացնում է»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե համանախագահների հայտարարության մեջ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին անգամ խոսք չկա, այնինչ նախորդ հայտարարություններում ասվում էր կոնկրետ, որ հավատարիմ են այդ պայմանավորվածություններին, Միհրան Հակոբյանն արձագանքեց.

«Թեև հայտարարության մեջ չկա, սակայն բովանդակային մասը վերաբերում էր հենց դրան: Փաստացի այսօր եռանախագահների հայտարարությունում նշվում է, որ սահմանային լարվածությունը պետք է իջնի, ինչը դիվանագիտական հաջողություն է հայկական կողմի համար, և ցույց է տալիս, որ հայկական կողմի պայմանները բավարարվել են: Եռանախագահների հայտարարությունը փաստեց, որ հայկական կողմի այդ առաջարկը, մոտեցումը բավարարվել է և բանակցություններն ընթացել են հենց այդ տրամաբանության մեջ»,-ասաց նա:

Միհրան Հակոբյանը նշեց, որ բանակցությունների ակտիվացման մասով դժվար է հիմա կանխատեսում անել, քանի որ գործ ունենք Ադրբեջանի ղեկավարության ոչ միանշանակ պահվածքի և ադեկվատության բացակայության հետ: Նա նկատեց, որ Ադրբեջանի ղեկավարության մոտ սովորություն է դարձել մի բան պայմանավորվել և այլ բան անել:

«Հիմա տեսնենք, թե որքանով այս անգամ Ադրբեջանը կպահի իր նվիրվածությունն այդ պայմանավորվածությանը, որի մշակմանը մասնակցել է անձամբ Ադրբեջանի ղեկավարությունը»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ եթե երկու ղեկավարները հանդիպում, քննարկում և ձեռք են բերում պայմանավորվածություններ, ապա, անշուշտ, պետք է ֆիքսել, որ, այնուամենայնիվ, բանակցելու ցանկություն կա: «Ադրբեջանի ղեկավարությունը, եթե նույնիսկ երբեմն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունը և հետ է քաշվում, այնուամենայնիվ, երբ գալիս է բանակցային սեղանի շուրջ, դա նշանակում է, որ բանակցությունները շարունակելուն այլընտրանք չեն տեսնում»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը երկար ժամանակ փորձում էր տապալել Մինսկի խմբի ձևաչափը, սակայն Ադրբեջանի ղեկավարը հասկանում է, որ չի կարողանալու խուսափել այդ ձևաչափից և մշակված սկզբունքների ներքո պետք է բանակցի:

Լուսանկարը` «Sputnik Արմենիա»–ի։

Читайте на сайте