Հազարից ավելի մարդ Մոսկվայի հայկական եկեղեցում մասնակցել է Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությանը
Մոսկվայի հայկական տաճարային համալիրի Սբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը, որն անցկացրել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Ինչպես հայտնում է rusarminfo.ru կայքը, Հայրապետյանի հուղարկավորության արարողությունը կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 21-ին: Բարերարի դին, իր իսկ կամքի համաձայն, հողին կհանձնվի Մոսկվայի հայկական Վագանկովոյի գերեզմանատանը: Նրան կհուղարկավորեն ծնողների կողքին:
Մինչդեռ kavkaz-uzel.eu կայքը հավելում է, որ 40 րոպե տևած հոգեհանգստի արարողությանը մասնակցել է 1.000-ից ավելի մարդ:
Հիշեցնենք, որ Հայրապետյանը մահացել է լույս հոկտեմբերի 18-ին՝ 67 տարեկանում: Նա գտնվում էր Մորդովիայի բանտերից մեկում: Վերջին շրջանում նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Ռուսաստանում քրեական հետապնդման ենթարկված Լևոն Հայրապետյանը տևական ժամանակ քաղցկեղով հիվանդ էր, և նրա փաստաբանները վերջինիս խափանման միջոցը փոխելու հարցն էին բարձրացնում, որն այդպես էլ չփոխվեց։
Ռուսաստանում հայ գործարարին մեղադրանք էր առաջադրվել իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700.000 դոլար վերցնելու համար։ Ինքը` Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները:
Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո։ Բացի այդ, գործարարը մեղադրվում է Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրին պատկանած ձեռնարկությունների ունեցվածքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։
Նշենք, որ Լևոն Հայրապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար), որը Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանն իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։