World News in Armenian

Ռուսական կողմը չի փորձում խոչընդոտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, որովհետև դրանում վտանգ չի տեսնում, նախկինում տեսնում էր.  Էդմոն Մարուքյան

Tert.am –ի հետ զրույցում «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության  նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադառնում է Հայաստան-ԵՄ համաձայնագրին, նախկին Ասոցացման համաձայնագրի հետ դրա ունեցած տարբերություններին ու նմանություններին:

-Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշիկովսկին, երևանում մի հայտարարություն արեց, որի վրա այդքան ուշադրություն չդարձվեց, բայց այն, ըստ էության, սենսացիոն է իր բնույթով: Մասնավորապես, որ  քննարկել են, թե  «ինչպես կարելի է բարելավել Արևելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունը, և հուսամ նաև Հայաստանի ցանկությունները:  Նաև, թե ինչպես կարելի է այդ ծրագրում  Եվրոպական միությանն անդամակցության իրական  հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ  Արևելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար»: Սա կարելի՞ է համարել հրավերք՝ ԵՄ անդամակցության, և եթե,այո, ի՞նչ հետևանքներով է հղի Հայաստանի համար:

- Ես նախարարի ասածից հասկանում եմ, որ իրենք կարծում են, թե Արևելյան գործընկերությունը, որպես այդպիսին այնքան էլ հեռանկարային չէ գործընկերության երկրների համար, քանի որ չի խոստանում և նախատեսում ԵՄ անդամակցություն: Այսինքն՝ գործընկերություն է, հարևանություն, համագործակցություն՝ «ավելին` ավելի»-ի դիմաց, բայց ԵՄ–ին անդամակցելու մասին խոսք չկա: Դա իրենց ցանկությունն է, որ ծրագիրը վերանայեն և նաև այնտեղ նախատեսեն ԵՄ անդամակցության ապագա  տեսլականը:

Բայց խոսքը Հայաստանի հետ կապված հայտարարության մասին չէ, այլ ընդհանուր գործիքի մասին՝ որպես այդպիսին: Հայաստանի մասով, ակնհայտ է, նվազագույն, բայց այս պահին առավելագույն բանը, որ կարող ենք անել, համաձայնագրի ստորագրումն է, որը նախատեսվում է նոյեմբերի 24-ին: Այս պահի հնարավորությունների շրջանակներում դա առավելագույնն  է: Եվ նմանատիպ այցերը շատ կարևոր են, որովհետև ԵՄ անդամ բոլոր պետությունները պետք է իրենց դրական դիրքորոշումն ունենան, որ գործընթացը կարողանա տեղից առաջ շարժվել:

-Հիմա ի՞նչ եք կարծում՝ նոյեմբերի 24-ին այն կստորագրվի՞:

 -Խոչընդոտներ, որպես այդպիսին, չեմ տեսնում, չնայած տարբեր ուղղություններով աշխատանքներ տարվում են՝ և ադրբեջանական կողմից լոբբինգ անելով, որ թող փաստաթուղթը չստորագրվի, կամ ոչ հայանպաստ հայտարարություններ լինեն  գագաթնաժողովին ընդունվելիք հայտարարության տեքստում:  Այսինքն՝ տարբեր աշխատանքներ տարվում են հիմա…

-Հայտնի՞ է Ձեզ, որ օրինակ՝ Ռուսաստանը փորձում է խոչընդոտել:

-Ոչ, որովհետև ռուսական կողմի համար այս համաձայնագիրը ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, և որևէ վտանգ չկա:

-Այսինքն՝ անատամ համաձայնագիր է, դրա համա՞ր որևէ վտանգ չկա:

-Չէի ցանկանա ասել՝ անատամ, բայց ամեն դեպքում՝ Ասոցացման համաձայնագիր չէ, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր չէ: Կարևոր փաստաթուղթ է, բարեփոխումների կարևոր համակարգ է ներդրվելու ստորագրման պահից սկսած, բայց  դա որևէ կերպ Ռուսաստանի համար վտանգ չի հանդիսանում: Եվ իրենք դրա մեջ վտանգ չեն տեսնում: Նախկինն էլ չէր հանդիսանում, բայց իրենք դրանում վտանգ տեսնում էին:

-Շատերը կարծիք են հայտնել, որ քաղաքական մասը գրեթե նույնն է, բայց, իհարկե, չկա տնտեսական բլոկը:

-Տնտեսական բլոկը, քանի որ չկա, մնում է քաղաքական մասը:

-Այսինքն՝ ուժե՞ղ փաստաթուղթ է  համեմատած այլ, անգամ՝ Ասոցացման համաձայնագրերի  հետ համեմատած:

-Չկա նման բան և չի կարող մոտ լինել Ասոցացման համաձայնագրին: Բայց  ուժեղ փաստաթուղթ է այն իմաստով, որ ԱՊՀ անդամ, ՀԱՊԿ անդամ պետություններից կամ ԵԱՏՄ –ից Հայաստանը միակն է, որ կարող ստորագրել՝  առաջ ընկնելով այս պարագայում նաև Ադրբեջանից: Այս մասով,այո, շատ սիմվոլիկ է, ուժեղ և կարևոր: Բայց Ասոցացման համաձայնագրի հետ չի կարելի համեմատել, որովհետև  որպես փաստաթուղթն ինքը դրա 20 տոկոսն էլ չի:

-ԵՄ-ն Հայաստանի հետ դիտարկում է վիզաների ազատականացման հարց, որը  մինչ այս ունեցել են միայն ասոցացված երկրների հետ:

-Ոչ միայն: Նաև այդ համաձայնագրում կա, որ ինչ-որ պահից ԵՄ-ի հետ կսկսվի երկխոսություն՝ վիզաների ազատականացման առումով: Եվ եթե Հայաստանն իր ստանձնած պարտավորությունները կատարի, ես տեսնում եմ այդ հնարավորությունը, որ մեր համար կրկին կարող է արվել նման բացառություն: Ամեն ինչ կախված է մեզանից, մեր իրականացրած բարեփոխումներից, մեր քաղաքական կամքից, Հայաստանում արդարության, օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակից: Եթե այս խնդիրները լուծվեն հերթականությամբ, վիզայի ազատականացումը հեռու չէ:

Читайте на сайте