World News in Armenian

Կնոջ նկատմամբ գերիշխող դիրք ունենալը եզդիական համայնքում մի փոքր ակնհայտ է. Ռ. Մախմուդյանը՝ ընտանեկան բռնության դեմ օրենքի մասին

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին 2 տեսանկյունից է նայում: Նա Tert.am-ի զրույցում ասաց, որ առաջնային է հասկանալ օրենքի հետապնդած նպատակը: Պատգամավորը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե օրենքը պարտադրում է ծնողի կամ ամուսնու դեմ բողոքելը:

«Այն, որ բոլոր հանգամանքները, որոնք վերաբերում են ընտանեկան բռնության  մասին օրենքի ընդունմանը, մենք լեգիտիմացնում ենք գործընթացը, որ բռնության դեպքեր կան: Այն անձինք, ովքեր գտնում են, որ բռնության են ենթարկվում իրենց ամուսինների կամ ծնողների կողմից, կամ կանաց կողմից ամուսինն է բռնության ենթարկվում, ապա օրենքով նախատեսված հստակ կարգավորումների համապատասխան, այդ մարդիկ կարող են պաշտպանել իրենց իրավունքները»,- ասաց նա:

Ռուստամ Մախմուդյանը չի բացառում, որ օրենքի  կիրարկումն ապահովող միջոցները լիարժեք չլինեն, քանի որ օրինակ՝ «տնտեսական բռնություն» եզրույթի իրավական բովանդակությունը լիարժեք պարզաբանված չէ, դրան պետք է իրավական հստակեցում տրվի:

Եզդի պատգամավորն, անդրադառնալով իր համայնքում այս նախագծի հետ կապված մոտեցումներին՝ հաշվի առնելով եզդիների ազգային առանձնահատկությունները, նշեց, թե դեռևս այս պահին դժգոհություններ չի լսել: Միևնույն ժամանակ նա գտնում է, որ եզդիական համայնքում այս նախագիծը միանշանակ բոլորի կողմից ընդունելի չի լինի՝ դեմ արտահայտվողներ հաստատ կլինեն:

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը խնդրահարույց չէր լինի, եթե մեզ մոտ ազգային առանձնահատկությունները չլինեին, ընտանիքի հանդեպ ունեցած վերաբերմունքը, ընտանիքում տղամարդկանց ունեցած գերիշխող լինելու և այլ հանգամանքներ չլինեին: Ավանդապաշտությունը, կնոջ նկատմամբ գերիշխող դիրք ունենալը, եզդիական համայնքում մի փոքր ավելի ակնառու և ակնհայտ է»,- ընդգծեց Ռուստամ Մախմուդյանը:

Պատգամավորի կարծիքով՝ իր համայնքը հաշվի կառնի նաև կնոջ և երեխաների պաշտպանության հարցը, ինչը նախագիծը որոշ առումով ընդունելի կդարձնի:

Читайте на сайте