Եթե պետական կառույցներում լինեն շատ օգտակար գիտելիքներով մարդիկ, հնարավոր է առաջարկենք մասնակցել դասընթացին. ԼՀԿ դպրոցի տնօրեն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության լիբերալ քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցում այսօր ունեն 42 ուսանող, դասընթացը կազմակերպում են երկու խմբով, շաբաթական չորս օր: «Դասերը ընթանում են շատ դրական, մեր նախատեսած հունով, այս պահի դրությամբ մենք գոհ ենք»,-ասաց նա:
Հայկ Կոնջորյանը նշեց, որ դասախոսների կազմում կան նաև համալսարաններում դասավանդողներ, փորձագետներ, վերլուծաբաններ և հանրությանը ոչ այնքան հայտնի անձիք:
Ինչ վերաբերում ՀՀԿ-ի` Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի հետ մրցակցությանը, նա ասաց, որ նման բան չկա, թեև բոլորն այդ մասին են հարցնում: «Խնդիրը մրցակցության մեջ չէ, յուրաքանչյուր կրթական ինստիտուտ պետք է իր համար որոշի տալ որակյալ կրթություն: Հիմնականում մենք նպատակ ենք դրել ուսանողին տալ որակյալ կրթություն»,-ասաց նա և նշեց, որ եթե կա լավ մասանգետ, ով դասավանդում է համալսարաններում, նաև նմանատիպ դպրոցներում որևէ կոմպլեքս չունեն, որ այդ մասնագետին չհրավիրեն:
Անդրադառնալով հարցին, թե պետական կառույցների պաշտոնյաների հնարավո՞ր է հրավիրեն դպրոց իրենց փորձով կիսվելու համար` Հայկ Կոնջորյանն ասաց.«Եթե պետական կառույցներում լինեն այնպիսի մարդիկ, որոնց գիտելիքները, հմտություններն ու փորձառությունը օգտակար համարվեն, և եթե ընդունեն մեր առաջարկը, հնարավոր է, որ նրանց առաջարկենք մասնակցել դասընթացին: Դրանք պետք է լինեն այն մարդիկ, ովքեր կրում են այդ պետենցիալ գիտելիքը»,-ասաց նա: