Առաջիկայում էլի գնաճ կլինի. Ա. Մարտիրոսյանը չի բացառում, որ մոնոպոլիստները կօգտվեն ներիշխանական փոփոխությունից
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում միայն գնաճ է նկատվում, որը թեև պետական կառույցների կողմից գնահատվում է միջազգային գներով պայմանավորված, սակայն երբ այնտեղ գները նվազում են, մեզ մոտ չի նկատվում: «Ես գնաճի պատճառը միջազգային շուկայի գնային փոփոխությունների մեջ չեմ տեսնում: Կարծում եմ, որ ավելի շատ մոնոպոլ կարգավիճակի խնդիր է, քանի որ հակառակ պարագայում, երբ միջազգային շուկայում գները նվազում են, մենք մեզ մոտ էլ գնանկում ևս կնկատեինք»,-ասաց նա:
Մասնավորապես կարագի թանկացման վերաբերյալ նա ասաց, որ մենք որպես ԵԱՏՄ անդամ կարող էինք Ռուսաստանից ներկրել, որը ևս արտադրող երկիր է: Ինչ վերաբերում է մսի թանկացմանը, ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ կարծում է, թե հիմնական գործոնը եղել է արտահանումը` հատկապես գառան և տավարի մսի: «Նորմալ իշխանություն ունենալու դեպքում առաջին հերթին կարևորությունը կտրվեր Հայաստանի քաղաքացիների սննդային անվտանգությունը ապահովելուն: Պետք է որոշակի մեխանիզմներ մտցվեին և քվոտավորվեր, թե արդյոք այդքան արտահանումը ռիսկային է, որից հետո շուկայում այդքան գնաճ տեղի չէր ունենա»,-ասաց նա:
Նա նշեց, որ չի կարծում, թե գնաճի պատճառը բյուջեն լցնելն է: «Ես կարծում եմ, որ ելնելով մի շարք պատճառներից, առաջիկայում էլի գնաճ կլինի, քանի որ գնաճը դեռ նոր է սկսվում»,-ասաց նա և հիմնավորեց, որ 2018 թվականին ԵԱՏՄ օրենքները Հայաստանում ուժի մեջ են մտնում, ինչը նշանակում է, որ մեծածավալ գնաճ կսպասվի բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքներին` ԵԱՏՄ-ից դուրս եկող ապրանքների դեպքում:
Արմեն Մարտիրոսյանը նաև ասաց, որ ինչ-որ առումով գնաճը կարող է կապված լինել փոխարժեքային քաղաքականության հետ: Նա նկատեց, որ կարծեք թե դոլարային ներկումները Հայաստան քչացել են և հնարավոր համարեց գնաճ տեղի ունենա նաև այդ պատճառով։
«Ինչ-որ մի ժամանակահատված խնդիր կարող է լինել հատկապես ներիշխանական փոփոխության հետ կապված, որից մոնոպոլիստները կարող են օգտվել: Նկատի ունեմ Սերժ Սարգսյանի` նախագահից վարչապետ լինելու ժամանակահատվածի առաջին էտապը, քանի որ ամեն ինչ դրան է գնում»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նաև հնարավոր համարեց, որ սպասվող գնաճն ունենա էներգետիկ պատճառ: Նա նշեց, որ թեև Կենտրոնական բանկն է կոչված գնաճի քաղաքականությունը կառավարել, սակայն ակնհայտորեն իր գործիքակազմով չի կարող, քանի որ հակամենաշնորհային քաղաքականություն է պետք, վարչարարություն, օրենսդրական բարելավման անհրաժեշտություն կա: «Հայաստանում պաշտոնական վերահսկողությունը դրված է Կենտրոնական բանկի վրա, սակայն օրենքով իրեն վերապահված չէ հակամոնոպոլ քաղաքականություն և տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի աշխատանքները շատ կարևոր են, և մենք շատ թանկ գազ ենք բերում Հայաստան, ինչի հետ ևս գնաճը կապվում է»,-ասաց նա;