World News in Armenian

Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները միակ ճանապարհն են դեպի իրական ու արդյունավետ բանակցություն. Արտակ Զաքարյան (տեսանյութ)  

Հոկտեմբերի 16-ին Ժնևում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո սահմանային իրավիճակի փոփոխության, բանակցային գործընթացի, սահմանին և սահմանից ներս զինվորների զոհվելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանի հետ:

-Պարո՛ն Զաքարյան, վերջերս Ադրբեջանը «Սպայկ» հակատանկային հրթիռ կիրառեց: Ի՞նչ էր ենթադրում դա, և արդյո՞ք  նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո սահմանային իրավիճակի փոփոխություն Դուք ևս նկատում եք:

-Ադրբեջանի կողմից սահմանին շարունակ լարվածություն ստեղծելը որևէ կերպ առնչություն չի ունենում բանակցային գործընթացների զարգացումների կամ պասիվության հետ: Ամենապասիվ փուլերում էլ Ադրբեջանը միշտ փորձել է ուշադրություն հրավիրել խնդրի ռազմական լուծման տարբերակի վրա, որի հնարավորությունը միշտ բացառվել է ինչպես միջազգային մակարդակով, այնպես էլ տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Ապրիլյան ռազմական գործողություններն էլ հենց դրա վառ ապացույցն էին, որ ռազմական լուծում ուղղակի լինել չի կարող: Կարծում եմ, սա Ադրբեջանում ներքին քաղաքական լարվածությունը լիցքաթափելու, ներքին կոնսոլիդացիայի և հանրային ուշադրությունը սոցիալական տարբեր խնդիրներից շեղելու հերթական ճանապարհն է, և բանակցային գործընթացի հետ որևէ առնչություն, մեծ հաշվով, չկա, որովհետև այդ օրինաչափությունները չեն գործում:

-Պարո՛ն Զաքարյան, վերջին վիճակագրությունները ցույց են տալիս, որ սահմանին և սահմանից ներս զոհերի թիվը գրեթե հավասար է, կամ մի փոքր ավել: ՊՆ-ն ու ՊԲ-ն ի՞նչ անհրաժեշտ քայլեր են արվում այս պայմաններում:

-Յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ մանրամասն քննարկումներ ու վերլուծություններ են իրականացվում: Եթե պատճառներն ընդհանուր, համակարգային են, բնականաբար, դրանց վերաբերյալ կայացվում են անմիջական որոշումներ, եթե անհատական դեպքեր են՝ կապած վարքի ու անվտանգության կանոնների խախտման հետ, դրանց վերաբերյալ ևս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր դեպք` անկախ նրանից սահմանային է, թե ոչ, մեծ անհանգստություն է  առաջացնում զինված ուժերում և պաշտպանության նախարարության ղեկավարության մոտ: Յուրաքանչյուր դեպք առիթ է բավականին խորը վերլուծություն կատարելու, հետևություններ անելու և համապատասխան լուծումներն արագ կիրառելու համար:

-Վերջերս տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը: Վերլուծաբանները նշում են, որ այդ հանդիպումը կես քայլ հետ էր Հայաստանի համար, մեկ քայլ հետ՝ Ադրբեջանի: Արդյոք համամի՞տ եք այն տեսակետի հետ, որ այս հանդիպումը վերջ դրեց Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններին, թե՞ դա այդպես չէ:

-Իմ խորին համոզմամբ` և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները միակ ճանապարհ են դեպի իրական բանակցություններ, բանակցություններ, որոնք արդյունավետ կլինեն: Ինչպես արդեն ասվել է, հնարավոր չէ կրակել և զուգահեռ բանակցել, կա՛մ մեկը պետք է լինի, կա՛մ մյուսը, և դրա մասին Հանրապետության նախագահը հստակ ասել է:

Մենք երկուսին էլ պատրաստ ենք, իհարկե, մեր առաջնահերթությունը, մեր նախապատվությունը եղել է խաղաղ, բանակցային ճանապարհով խնդրի վերջնական լուծումը, իսկ դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է, դրա իրացումը և այդ փաստի միջազգային ամրագրումը:

 

Читайте на сайте