World News in Armenian

Վերջին տարիներին ուսանողների թիվը նվազում է. Արցախի համալսարանի ռեկտորի տեղակալ

Արցախի պետական համալսարանի գործունեության, խնդիրների, ուսանողների քանակի, միջազգային համագործակցության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Արցախի պետհամալսարանի պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, բուհի գիտական գծով և միջազգային համագործակցության գծով ռեկտորի տեղակալ Վալերի Ավանեսյանի հետ:

-Պարո՛ն Ավանեսյան, ուսանողների թվի աճի՞, թե նվազման միտում կա: Քանի՞ ուսանող ունի բուհը:

-Այս 2-3 տարիների ընթացքում ուսանողների քանակը հիմնականում նվազում է: 2018-2019 թվականին ավելի վատ պատկեր է լինելու, ողջ հանրապետությունում 735 շրջանավարտ է լինելու:

-Որո՞նք են պահանջված մասնագիտությունները:

-Պահանջված մասնագիտություններ են տնտեսագիտությունը, իրավաբանությունը, պատմությունը, սակայն նույն պատկերը չէ բնագիտական ոլորտում: Այստեղ ուսանողների թիվը քիչ է:

-Զեղչային ի՞նչ համակարգ է գործում՝ հաշվի առնելով, որ պատերազմի ճանապարհով գրեթե բոլորի ծնողներն անցել են:

-Առաջինը կա պետպատվերի քանակ, պետպատվերի տեղերը մագիստրատուրայում սովորող ուսանողների համար հասնում է 130-ի, բակալավրում սովորող ուսանողների համար՝ 350-ի:

-Աշխատանք գտնելու հարցերն ինչպե՞ս են կարգավորվում, բացի այդ, որքան է կազմում բուհի տարեկան բյուջեն:

-Ուսանողներն ինքնուրույն են աշխատանք գտնում, շուկան ինչ պահանջում է, մասնագետներ կան: Բուհի տարեկան բյուջեն կազմում է 1 մլրդ դրամ, որի 90 տոկոսն աշխատավարձերն են տրվում, և գումար չի մնում զարգացման համար: Իսկ աշխատավարձերը որոշ չափով ավելի բարձր են, քան Հայաստանի բուհերում:

-Արցախի պետական համալրմանը համագործակցո՞ւմ է ոչ հայկական բուհերի հետ:

-Այո, իհարկե: Եվրոպական և ռուսաստանյան համալսարանների հետ համագործակցության պայմանագիր ունենք: Մասնավորապես համագործակցում ենք Բելգիայում Լյուվենի համալսարանի, Հունգարիայի, Չեխայի, Ռուսաստանի համալսարանների հետ:

-Ի՞նչ կարգավիճակ ունի Արցախի պետական համալսարանի դիպլոմը երկրից ու Հայաստանից դուրս:

-Ես չեմ կարծում, որ օրինակ Ռուսաստանում որևէ տեղ այդ դիպլոմը կարող են չճանաչել։ Նաև ասեմ, որ Արցախի համալսարանը պետական նմուշի դիպլոմ է տալիս և Հայաստանի պետական ռեգիստրում գրանցված է: 

Читайте на сайте