Եթե քեզ հռչակում ես սոցիալական պետություն, բայց բնակչիդ ասում ես՝ ոչ թոշակդ կարող եմ բարձրացնել, ոչ աշխատավարձդ, նա իրավունք ունի խզել կապը քո հետ. Գևորգ Պետրոսյան
Գործող կառավարությունը, գուցե ոչ միտումնավոր, բայց խթանում է արտագաղթը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Վերջինս նշեց, որ կառավարությունը 2018թ.-ի պետական բյուջեով չի նախատեսում աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, ինչի արդյունքում բնակչության սոցիալական վիճակը չի լավանալու:
«Գուցե իմ գնահատականը կոպիտ է, բայց չեմ կարծում, որ այն կտրված է իրականությունից. կառավարությունը գուցե ոչ միտումնավոր, բայց խթանում է արտագաղթը»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ կառավարությունը 5 տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Իրենք կարող են շատ բան հայտարարել: Ինձ համար թվերը ոչինչ են, ինձ համար կյանքի, մարդկանց վիճակն է կարևոր, իսկ այսօր մենք գտնվում ենք վատ վիճակում: Գնացեք դեսպանատան դռների առջև մի քանի ժամ կանգնեք, տեսեք, թե ինչ հերթեր են Հայաստանից հեռացողների: Եթե նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, մնացածը թվաբանություն է, թող ինչ ուզում են նկարեն»:
Պետրոսյանն ասաց, որ Հայաստանի մեծ մասը «կենսաթոշակի ու աշխատավարձի վրա է նստած, դրսից փող չի ստանում», իսկ պետությունը չի խոստանում սոցիալական իրավիճակի լավացում, երբ կյանքը օրեցօր կրճատվում է:
Հարցին՝ կա՞ն արդյոք համապատասխան գումարներ թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու համար, պատգամավորը պատասխանեց. «Կառավարությունը մի ձեռքով կրճատում է ծախսերը, մյուս ձեռքով՝ ավելացնում է դրանք: Ես կողմ եմ, որ պետական հիմնարկներում աշխատողները արդյունավետ աշխատեն, բայց չեմ կարծում, որ նրանց աշխատանքից զրկելը միակ միջոցն էր ավելորդ ծախսերը նվազեցնելու ճանապարհին:
Պետական կամքի առկայության դեպքում հնարավոր է գոնե չնչին, բայց տեսանելի առաջընթաց ապահովել մարդկանց կյանքում: Եթե դու քեզ հռչակում ես սոցիալական պետություն, բայց մարդուն անտեր ես թողնում, ասում ես՝ ոչ թոշակդ եմ կարող բարձրացնել, ոչ աշխատավարձդ, քաղաքացին իրավունք ունի խզել իր կապը պետության հետ»:
Այնինչ, ըստ նրա, քաղաքացիների իրավական, տնտեսական, սոցիալական բեռն օրեցօր ավելանում է: