World News in Armenian

Սա մեխանիզմ է, որին միացել ու չեմ անջատվում. Շուշան Պետրոսյանը՝ Մարտակերտում տուն ունենալու երազանքի, իրականցված ու սպասվող ծրագրերի մասին

ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում պատմում է խորհրդարանից դուրս տարվող իր աշխատանքների մասին, որոնք հիմնականում իրականացվում են Արցախում, մասնավորապես, Մարտակերտի շրջանում: Ըստ պատգամավորի՝ իր մշտական այցերով և նախաձեռնություններով փորձում է ոչ միայն ակտիվացնել մշակութային կյանքն Արցախում, այլ կրթական տարբեր հարցերում երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ լավ տեղյակ լինելով, թե որտեղ ինչ խնդիր ու ինչի կարիք կա:

Թե ինչո՞ւ հենց Մարտակերտում է որոշել ծրագրեր իրականացնել հարցին, Շուշան Պետրոսյանը պատասխանեց, որ պատահական է ընտրությունը կանգ առել այս շրջանի վրա, երբ մարտական ուղի անցած երեք ընկերներն Արցախից այցելել են Երևան և միասին գնացել դիտելու «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան:

Երգչուհին պատմեց, թե զինվորական ընկերներից մեկը ինչպես է հուզված հետաքրքրվել` արդյոք հնարավոր չէ՞ ֆիլմը ցուցադրել նաև Մարտակերտում: «Ասեց` ուզում եմ, որ խոխեքս էլ եշեն էս կինոն, (երեխաներս էլ նայեն), ասացի` շատ լավ։ Չգիտեի ինչպես, ոնց, բայց վստահ էի, որ պետք է ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել: Դիմեցի նկարահանող խմբին, ռեժիսորի, դերասանների հետ գնացինք և Թալիշում, որ դեռ կանգնուն էր այն ժամանակ, Մատաղիսում, Մարտակերտում, Հորաթաղում, զորամասերում ցուցադրեցինք ֆիլմը»,-ասաց նա: Իսկ մինչ արցախցիները ֆիլմն էին դիտում, Շուշան Պետրոսյանը ծանոթացավ մշակույթի տան կիսավեր վիճակին, վատ պայմաններին, ու միտք ծագեց աջակցել` մշակույթային կյանքն ավելի ակտիվացնելու համար կոնկրետ ծրագրեր իրականացնել:

Երևան վերադառնալուն պես անցել էր գործի՝ դիմել ընկերներին, ծանոթ պաշտոնյաններին, ովքեր կարող էին ինչ-որ ձևով օգտակար լինել: Արդյունքում` մշակույթի տունը ապահովվեց լավագույն որակի տեխնիկայով, իսկ ավելի ուշ` մեկ տարի անց, վերանորոգվեց Մարտակերտի մշակույթի տունը, ուր այսօր գործում են նոր ու ժամանակակից գրքերով համալրված գրադարան, որոնց մի մասն էլ «Անտարես» հրատարակչությունն է տրամադրել, նկարչական արվեստանոց խմբակ, պարի խմբակ, թատերական խմբակ, ցուցասրահ, մեծ կինոդարանով համալրված կինոթատրոն, կարի խմբակ։

Շուշան Պետրոսյանը նշեց, թե մշակութային կյանքն աշխուժացնելու համար պարբերաբար տոնական միջոցառումներ է անցկացնում մշակույթի տանը։ «Մի տարի դիմեցի Արթուր Գրիգորյանին և ամանորյա ներկայացում բեմադրելու համար ինձ տվեց «Ուրախ նոտաներ» մյուզիքլի սցենարը, մինուսային ձայնագրությունները։ «Զատիկ» ստուդիան բեմական հագուստներ նվիրեց, ես ԱՄՆ-ից բերեցի ձմեռ պապիկի հագուստ, շնորհալի երեխաներ ընտրեցի, մեծ տոնածառ, հրաշալի ամանորյա խաղալիքներ տարա ու ինքս էլ զարդարեցի:
Հետո Գրանդ Քենդիին դիմեցի՝ ապահովեցին ամանորի նվերներով, մի մասն էլ բաժանեցինք ամանորի գիշերը առաջնագծում կանգնած զինվորներին. մի խոսքով առաջին փորձը հաջողվեց, տոնը ստացվեց»,-պատմեց նա:

Նաև նշեց, որ կինոթատրոններ բացել է Հաթերքում, Մարտունու շրջանում։ Շուշան Պետրոսյանը տեղի խնդիրներից առանձնացրեց մասնագետների պակասը:

«Ամենամեծ խնդիրը, որ ծառացած է՝ մասնագետների պակասն է: Գալիս են Երևան, բարձրագույն կրթություն են ստանում ու այլևս չեն վերադառնում: Ես միշտ աղմկում եմ, բարձրաձայնում, որ սահմանամերձ համայնքներում մեզ պետք են լավ, որակյալ մասնագետներ: Դեպքեր են եղել, երբ տասնավարտներն, անմիջապես դպրոցն ավարտելուց հետո, մասնագետ չունենալու պատճառով, դասավանդել են առաջին դասարանում, հենց այդպես` առանց համապատասխան կրթություն ստանալու»,-մտահոգությունը կիսեց նա։

Շուշան Պետրոսյանի այս տարի իրականացված ծրագրերից էր նաև դպրոցների մի մասին համակարգիչներով ապահովելը: «Մարտակերտի շրջանում 39 դպրոց կա, 7-ին արդեն համակարգչով ապահովել էի։ Այս ամռանը, համագործակցելով Արշակ Զաքարյանի «Հայոց Ազգային Գվարդիա» կամավորական ՀԿ-ի հետ, ևս 10 համակարգիչ էլ իրենք իրենց կողմից տրամադրեցին դպրոցներին: Փորձում ենք հնարավորին չափով ապահովել դպրոցներին լավ կապով, որը 21-րդ դարում ուղղակի անհրաժեշտություն է»,-ասաց նա: Տիկին Պետրոսյանը պատմեց նաև, որ զորամասերից մեկում գերժամանակակից սպորտային պարագաներով հագեցած մարզասրահ է կառուցել ու այս տարի շատ ծրագրեր է իրագործել` ազգ-բանակ գաղափարախոսության համատեքստում: Նա հպարտությամբ նշեց, որ շատերն են այս գաղափարին միացել՝ լուռ ու մունջ, որպես օրինաչափություն. այ դա հենց ազգ-բանակն է, երբ գիտես, գիտակցում ես, թե ինչպիսի երկրում ես ապրում, ովքեր են հարևաններդ և, այս երկրում ապրելով,՝ պետք է լինես զինվոր, քո գործով, քո աջակցությամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով առաջիկայում նախատեսված ծրագրերին` Շուշան Պետրոսյանը նշեց, որ մշակութային երկու ծրագիր են նախապատրաստում. ուսանողության միջազգային օրը Մարտակերտի մշակույթի տանը համերգներ կանցկացվի բնակիչների նաև զինվորների համար: Մյուս նախագիծը Ամանորին կիրականացվի Ստեփանակերտում։

«Հանդիպում ունեցա Արցախի նորանշանակ Մշակույթի նախարարի հետ, ով առաջարկեց ամանորյա տոնական ծրագիր մշակել։ Միանշանակ համաձայն եմ, քանի որ ապրիլյան պատերազմից հետո մշտապես գունեղ Ստեփանակերտն անցած ամանորին շատ մռայլ էր, ոչ իր նման, տխուր էր, ինչն էլ բնական է. բոլորս էինք այդ վիճակում: Ես առաջարկեցի «12 համազարկ» անվանումը, դիմեցի մի շարք հայտնի արտիստների՝ ի ուրախություն ինձ, գրեթե բոլորը համաձայնեցին: «12 համազարկ»՝ որովհետև 12 օր պետք է տևի, ամեն օր մի արտիստ պետք է երգի»,-ասաց Շուշան Պետրոսյանը: ՀՀԿ–ական պատգամավորը նշեց, որ իր աշխատանքից ինքը հաճույք է ստանում, որովհետև արդյունքը ակնհայտ է։

«Մի տարօրինակ բան ասեմ` իրականում սա մեխանիզմ է, որը չի անջատվում, ես միացել եմ, մեջն եմ ու առանց այդ աշխատանքի չեմ կարող»,-ասաց նա և պատմեց, որ երբ ի վերջո երեխաների հետ իրեն թույլ էր տվել մեկնել հանգստի` Ֆրանսիա, այնտեղ ծանոթացել է հայերի հետ։ Նրանք հանդիպում են կազմակերպել, որտեղ ինքը  խոսել է, պատասխանել հնչող հարցերին։ «Ազգ բանակ» գաղափարախոսության մասին իմանալուց հետո, այսօր Նիցցա քաղաքի հայկական համայնքում շատերը հայոց բանակի, հայ զինվորի կողքին են:

«Շատերը գիտեին բանակի հետ իմ համագործակցության մասին, արդյունքում հատուկ առաջնագծի համար իրենց կողմից բերեցին նվերներ՝ ճնշման սարքավորումներ,  շտապօգնության  գերժամանակակից բժշկական պայուսակներ»,-պատմեց նա:

Շուշան Պետրոսյանն ասաց, որ ուզում է տուն ունենալ Մարտակերտում: «Եթե միայն կարողանամ տուն ձեռքբերել Մարտակերտում… դա իմ երազանքն է: Ասում են վտանգավոր է, սահմանից 4 կիլոմետր է բաժանում, ես պատասխանում եմ` բա մյուսները ո՞նց են ապրում, ես իրենց հետ,իրենց կողքին պետք է լինեմ... համ էլ` թող թուրքը մտածի»,-ասաց նա։ Տիկին Պետրոսյանը նշեց, որ Մարտակերտում տեսած իր երազանքի տունը 20-րդ դարի առաջին տասնամյակի կառույց է։ Մարտակերտցիները կատակով ասում են` «մըր Շուշանին տոնն է սա»:

«Ինքը շատ գեղեցիկ, երկու հարկանի, բայց երկու սենյականոց պստիկ տուն է, վրան փորագրած` 1914 թիվ: Հայկական սրբատաշ քարերով, փայտյա պատշգամբով տուն է, ոչ մեկ չի ապրում այնտեղ, բայց չեն էլ վաճառում: Շուշիում մոդայիկ է տուն ունենալ, Ստեփանակերտում` առավել ևս, բայց պետք է սահմանին ապրել, ապրել և ապրեցնել: Բացի այդ ինձ ավելի հեշտ կլինի տանել մասնագետների, կապրեն իմ տանը, ես հոգ կտանեմ իրենց մասին, կխնամեմ, կերակուր կպատրաստեմ, երդվում եմ` միայն թե գան սահման աշխատելու»,-անկեղծացավ նա:

Շուշան Պետրոսյանը բացառեց, որ հնարավոր է աշխատանքները համակարգի որպես Արցախի մշակույթի նախարար: «Ես չեմ սիրում պաշտոններ, սիրում եմ լուռ աշխատել, ի վերջո շատերն են ուզում լինել գեներալ, ես ուզում եմ լինել զինվոր, լավ զինվոր և ծառայել հայրենիքիս»,-եզրափակեց նա:

Читайте на сайте