World News in Armenian

ԼԳԲՏ–ի իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ին պարտադրվում է փաթեթով և նպատակ ունի փոխել հայ ընտանիքի մոդելը. Հայկ Նահապետյան

«Հանուն ինքնիշխանության վերականգման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը Tert.am-ի հետ զրույցում մատնանշում է այն վտանգները, որոնք, ըստ նրա, կսպառնան ՀՀ քրեական օրենսգրքի 197 հոդվածով, եթե առաջարկվող փոփոխությունն ընդունվի:

Հայկ Նահապետյանը հիշեցրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնից հանված երկու ֆիլմերի մասին, որոնք միասեռականության քարոզ էին անում: «Եթե չեմ սխալվում՝ «Ծիրանի այգիներ» անունն ուներ մեկը. տեսեք` ինչպիսի գեղեցիկ անվանում է և հայերի համար ինչ խորհուրդներ ունի: Հիմա նրանք, ովքեր այն ժամանակ որոշումը կայացրեցին, որ այդ երկու ֆիլմը փառատոնից հանվի, այս քրեական օրենսգրքի 197 հոդվածով առաջարկվող փոփոխությունը եթե ընդունվի, կենթարկվեն քրեական պատասխանատվության: Կամ` մեկ այլ օրինակ. քաղաքապետարանը որոշում կայացրեց, որ Երևանի կենտրոնում Կարապի լճի մոտ տեղադրված միասեռական զույգերի՝ որպես ընտանիքի մոդել ներկայացված արվամոլների պատկերով գովազդային պաստառը հանվի, հիմա քաղաքապետարանում այս որոշման համար պատասխանատու անձը կամ անձինք կենթարկվեն պատասխանատվության նույն 197 հոդվածի հիմքով»,- բացատրեց նախաձեռնության անդամը:

Նշենք, որ, մասնավորապես, առաջարկվում է օրենսգրքի «Սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում ներառված խտրականության մասին հատվածը խստացնել ու քրեականացնել։  Նախագծի 197 հոդվածում կիրառվում է «սեռական կողմնորոշում» եզրույթը և սահմանում է, որ խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված, մասնավորապես սեռական կողմնորոշումից, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը 80 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Ըստ Հայկ Նահապետյանի՝ Հայաստանին պարտադրվում է երկու օրենք և մեկ միջազգային կոնվենցիա՝ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» , «Խտրականության դեմ պայքարի» մասին օրենքները և ԵԽ-ի՝ կանանց իրավունքների պաշտպանության  մասին  միջազգային փաստաթուղթը, որը 2011թ-ին ստորագրվել է Ստամբուլում:

«Այդ երեքը ՀՀ-ին պարտադրվում է, և եթե  դուք նայեք, թե ովքեր են նախանձախնդիր և հասարակական կարծիք ստեղծում այդ երկու օրենքի և մեկ կոնվենցիայի հետ կապված, ապա ձեզ համար պարզ կլինի, անգամ օրենքում էլ չխորանալով, թե ում է սա ձեռնտու»,-ասաց նա և մատնանեց ՀՀ-ում «կանանց  իրավունքների պաշտպանության պատրվակով  հանդես եկող մի քանի տասնյակի հասնող ՀԿ-ների»: «Նրանցից մի քանիսն առավել ակտիվ են գործում, որոնք բացահայտ զբաղվում են ՀՀ-ում միասեռականության քարոզով և այդ միասեռական անձանց պաշտպանությամբ։ Այդ օրենքը մշակողներն իրականում իրենք են, իսկ Արդարադատության նախարարությունը միայն բուն օրենքը լրացնում է»,-ասաց նա:   

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամը նշեց, որ ավելին` նկատել է, որ ՀՀ-ում դեռևս չընդունված այդ օրենքները, որոնք նրա համոզմամբ ԼԳԲՏ-ի իրավունքների պաշտպանությանն են ուղղված, իրենց կարևորագույն դրույթներով ներառված են ՀՀ-ում գործող այլ իրավական ակտերում` որպես փոփոխություն:

«Եթե ընտանեկան բռնության մասին օրենքի հիմանական վիճահարույց դրույթը հոգեբանական բռնությունն է, ապա հոգեբանական բռնությունն արդեն իսկ այս տարվա Ընտանեկան օրենսգրքի մեջ մտցված է՝ չսահմանվելով, թե ինչ է բան է ընտանեկան բռնությունը: Այդ տրամաբանությամբ է գործում նաև այս դեպքը, երբ չընդունելով «Խտրականության դեմ» օրենքն` իր կարևորագույն էլեմենտ հանդիսացող այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, իրենք դրա խախտումը մտցնում են Քրեական օրենսգիրք»,-ասաց նա և եզրահանգեց, որ ՀՀ-ին սա պարտադրվում է փաթեթով: 

  

Հայկ Նահապետյանը խոսեց նաև նման քաղաքականության վտանգների մասին`նշելով, թե ամերիկյան հետազոտական կենտրոնը 15-16 թթ-ին ՀՀ-ին հարցում է անցկացրել` հասկանալու համար բնակչության քանի տոկոսն է հավատում Աստծուն, և քանիսն է իրեն քրիստոնյա համարում, պարզվել է՝ 89 տոկոսը:

«Ոչ միայն քրիստոնեությամբ, այլ նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետության հիմնական, կարևորագույն բջիջն ընտանիքն է՝ որպես կնոջ և տղամարդու՝ միմյանց հետ կամավոր միություն: Հիմա իրենց նպատակն է փոխել այդ ընտանիքի մոդելը: Իսկ ո՞րն է այս նոր ընտանիքի մոդելը. դա, ըստ իրենց, զուգընկերների մոդելն է: Ի դեպ` ասեմ, որ երբ 2013թ-ին առաջին անգամ առաջարկել էին «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, այնտեղ հստակ նշված էր, որ զուգընկերները միմյանց հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցող անձինք են՝ չնշելով սեռը: Այսինքն՝ կինը կնոջ հետ կարող է զուգընկեր կոչվել, տղամարդը՝ տղամարդու, այլ կերպ` դրանք միասեռական զույգերն են: Իսկ այն օրենքը, որն իբր կոչված է մեր ընտանիքներում պայքարելու բռնությունների թիվը նվազեցնելու ուղղությամբ, իրականում կեղծիք է, քանզի չի կարող այդ պայքարն իր մեջ ներառել ընտանիքի նոր մոդելի կառուցվածքը՝ այն փորձելով օրենքով ամրագրել»,-ասաց Հայկ Նահապետյանը։   

Читайте на сайте