Ուկրաինայում հայ համայնքը չի աջակցում Սաակաշվիլիին. ուկրաինահայ
Ուկրաինայում բնակվող հայ համայնքը չի միացել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած շարժմանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ուկրաինայում բնակվող հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը։
«Միգուցե մի քանի հոգի, բայց համայնքը՝ ոչ։ Եվ ոչ միայն հայերը չեն մասնակցում, այլև ուկրաինացիներ, որովհետև սա ամբիցիոզ շարժում է, և Ուկրաինայում չկա այն վիճակը, որ ասենք՝ ժողովրդի կրիտիկական մասսան դժգոհ է Պորոշենկոյից: Իրենք ծրագիր չեն առաջարկում, պնդումներ են անում, որը պետությունն ինքը անում է»,-ասաց նկարիչը:
Հիշեցնենք, որ հաշվի առնելով, որ ըստ որոշ տվյալների՝ Ուկրաինայում ներկայում բնակվում է 600 հազար հայ, իսկ հարյուրավոր ցուցարարներ էլ, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, միացել են Ուկրաինայի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» քաղաքական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին՝ ապա հետաքրքիր է իմանալ համայնքի քաղաքական ու քաղաքացիական նախասիրությունների մասին:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 17-ին ցուցարարները վրաններ են տեղադրել Վերին Ռադայի շենքի դիմաց՝ կոչ անելով չեղյալ հայտարարել պատգամավորական անձեռնմխելիությունը, հակակոռուպցիոն դատարան ստեղծել, փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։
Բորիս Եղիազարյանը հավելեց, որ Սահակաշվիլու առաջարկած թեզերը նորություն չեն:
«Կիրակի օրերը հավաքում են, «Նարոդնոյե վեչե» է կոչվում, 3000-400 0 մարդ է հավաքվում: Վերջին կիրակին անգամ 1000 չկային: Պոպուլիստական մոտեցումներ են իրենց մոտեցումները»,-ավելացրեց Բորիս Եղիազարյանը: