World News in Armenian

Ակնհայտ է, որ ԼՂ-ի հիմնախնդրի բանակցային ճանապարհով կարգավորումը կարող է  լինել միայն հավասարաչափ փոխզիջումների հիման վրա․ Վահրամ Աթանեսյան

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը զարմանքով է վերաբերում այն քննարկումներին, որոնք ծավալվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության վրա, ըստ որի՝ ԼՂ հիմնախնդրի լուծումը ցավոտ է լինելու:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, ապա ակնհայտ է, որ դա կարող է լինել միայն հավասարաչափ փոխզիջումների հիման վրա, որը երկու կողմերի համար էլ ցավոտ է լինելու:

«Այստեղ ուրիշ կարծիք լինել չի կարող: Ես չեմ հասկանում, թե ինչի շուրջ է այս ամբողջ աղմուկը, որ մի քանի օր շարունակ մամուլում քննարկվում և արծարծվում է, մամուլում տարբեր վարիացիաներով մեկնաբանվում է: Ընդ որում, մեկնաբանություններ են անում այն մարդիկ, որոնք տեղյակ էլ չեն, թե ինչի մասին են եղել Ժնևում քննարկումները։ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պարզ, բացահայտ ասաց, որ իր և Իլհամ Ալիև տետատետ հանդիպման խոսակցության թեմայի մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Հանդիպումից հետո նախագահն ասում է, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով, և դա ցավոտ է լինելու: Չեմ հասկանում այն պաշտոնյաներին, այն փորձագետներին ու մեկնաբաններին, ովքեր կողքից և խնդրի շուրջ վերացական և հիպոթետիկ դատողություններ են անում»,- նշեց նա:

Վահրամ Աթանեսյանի խոսքով՝ հայկական կողմը փոխզիջումների կգնա, ՀՀ նախագահի ասածից ենթադրելով, միայն խաղաղ բանակցային գործընթացի դեպքում: Թե Ադրբեջանն ինչպես իրեն կդրսևորի, նա չի կարող գուշակել: Նկատեց, որ եթե անգամ Ադրբեջանը սահմանին սադրանքների է դիմում, ինքն էլ է դրանից տուժում՝ ստանալով դրան համարժեք, հաճախ նաև ավելի ուժեղ պատասխան:

«Դա ցավ է նաև այդ երկրի, այդ ժողովրդի համար: Ի՞նչ անենք, որ այդ երկիրը բռնապետական կարգեր ունի, այնտեղ մամուլն ազատ չէ, և չի կարող ամեն ինչ գրել: Մենք գիտենք, որ զոհեր լինում են նաև ադրբեջանական կողմում»,- ասաց նա:

Վահրամ Աթանեսյանը նշեց, որ ինքը նաև չի հասկանում այն մարդկանց ոգևորվածությունը, որոնք խոսում են Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին՝ համարելով դրանք «համադարման»: «Նման բան չկա: Տպավորություն է, որ շփման գծում վերահսկողության միջոցների կամ հետաքննության մեխանիզմների ներդրումը միջազգայնացնելու է այսօրվա ստատուս՝ քվոն: Դա միամտություն է: Գոյություն ունի փոխկապակցվածություն․ սահմանում, շփման գծում կարող է խաղաղ լինել, եթե կան քաղաքական բանակցություններ, քաղաքական բանակցություններ կարող են լինել, եթե կա խաղաղություն շփման գծում, և իրավիճակը կայուն է: Դրանք մեկը մյուսով են պայմանավորված»,- ասաց նա՝ նշելով, որ եղած ստատուս քվոն հավերժ չի կարող մնալ:

Նա մատնանշեց, որ շատ մեկնաբաններ ասում են, որ օրինակ` Միացյալ Նահանգները շահագրգռված է ստատուս քվոյի միջազգայնացմամբ:

«Իրականում ստատուս քվոյի փոփոխությամբ ամենաշատը շահագրգռված է  ամերիկյան կողմը, և դա բազմիցս ասվել է բանակցային գործընթացում: Հիշենք քիվեսթյան բանակցությունները, որի կնքահայրը ԱՄՆ-ն էր»,- ասաց նա՝ նշելով, որ ճշմարտության աչքերին պետք է նայենք ուղիղ,- խոսվում է իրավիճակի կայունացման մասին, որ քաղաքական քննարկումներն ակտիվանան, իսկ քաղաքական քննարկումները կարող են ակտիվանալ, եթե իրավիճակը կայուն լինի: Հիմա գնդակը Ադրբեջանի դաշտում է: Եթե Ադրբեջանն իրոք շահագրգռված է քաղաքական քննարկումներն ակտիվացնել, առաջինը պետք է իրավիճակը կայունացնի»,- ասաց նա:

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավորի խոսքով՝ Ժնևյան հանդիպումից հետո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը մտնում է նոր փուլ: «Ես չեմ կիսում քաղաքագետների, քաղաքական գործիչների այն մոտեցումը, որով բավականին հպանցիկ են մոտենում Ժնևյան հանդիպմանը,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին Սարգսյան-Ալիև հանդիպումներում չի եղել տետատետ զրույցներ,- դա լուրջ մեսիջ էր, և պատահական չէ, որ մամուլին տրամադրվել էր այդ լուսանկարը: Մեր քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում, և ես Ժնևը համարում եմ կարևոր հանդիպում: Դա կարող է լինել հանգրվան: Բանակցությունները կարող են մտնել որոշումների քննարկման փուլ, թե երբ կգա որոշումների կայացման փուլը կամ արդյոք կգա, թե չի գա․ դա բոլորովին այլ հարց է»,- նշեց նա:

Անդրադառնալով Ժնևի հանդիպումից հետո Ադրբեջանում եղած քննարկումներին, թե Հայաստանի նախագահը խախտել է պայմանավորվածությունը, Վահրամ Աթանեսյանը նկատեց, որ դրանք առավել շատ ուղղված էին ներքին լսարանին, քանի որ վախեցել էին, թե հասարակությունը կարող է ընկալել, թե հանդիպմանը փոխզիջումների մասին քննարկումներ են եղել: «Ավելի շատ անհանգստացած էին նրանից, որ Ադրբեջանում կարող է ներքին դժգոհություն առաջանալ, որ Ալիևը ինչ-որ համաձայնությունների է եկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված: Ներքին դժգոհությունները զսպելու համար են նման քարոզչական հնարքի դիմել»,- նկատեց նա:

Դիտարկմանը, թե ինչ է կարծում՝ արդյոք Արցախում կո՞ղմ են ԼՂ հիմնախնդրի «ցավոտ լուծմանը», Վահրամ Աթանեսյանը դժվարացավ պատասխանել, նշեց, որ դրա մասին Արցախի իշխանություններն իրենց տեսակետը ներկայացնում են:

«Հիմա խոսք նրա մասին չէ, թե ինչ որոշում է ընդունվելու, խոսքը հեռանկարային ծրագրի մասին է․ այսօր կարող է լինել մի տեսակետ, վաղը՝ այլ: Իրավիճակը պարզ կլինի, երբ պարզ կլինի Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցերը: Կարծիք կա, որ ինչ համաձայնություն էլ ձեռք բերվի, պետք է ամրագրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից բանաձևի տեսքով, և այդ բանաձևը պետք է հուշի նաև մեխանիզմներ: Եթե դիսկուրսը ծավալվի, հնարավոր է նաև վերաբերմունքի փոփոխություն լինի: Այսօր մենք խոսում ենք ընդամենը հայեցակարգի մասին: ՀՀ  նախագահը հնչեցրել է հայեցակարգային մոտեցում․, եթե գնում ենք խաղաղ բանակցային կարգավորման, ապա պետք է գնանք փոխզիջումների, և այդ փոխզիջումները ցավոտ են լինելու: Հիմա ինչ աստիճանի դրանք ցավոտ կլինեն, ում համար ցավոտ կլինեն, ում համար կարող է ցավոտ չլինեն, արդեն ապագայի  խնդիր է, եկեք իրադարձություններից առաջ չընկնենք»,- նշեց նա:

Читайте на сайте