ՀՀ-ն պետք է օգտագործի Թեհրանում արված՝ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին հայտարարությունն Ադրբեջանի դեմ. Կայծ Մինասյան
Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ Հայաստանը պետք է օգտագործի Թեհրանում կայացած Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումից հետո հնչած հայտարարություններն այլ հարթակում․ Ադրբեջանը համաձայնել է՝ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:
Նա, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիների համար բարձր գին չէր՝ խոստովանելը, որ պատրաստ են հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ կան տնտեսական հարցեր, քանի որ իր՝ Ռուսաստանի և Իրանի կողքը հայտնվելը նրան հեղինակություն է բերում:
«Ադրբեջանը չի էլ կարող դեմ լինել Ռուսաստանի և Իրանի նախագահներին: Պետք է համաձայնվեր, որ պատրաստ է հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ Ադրբեջանի համար կարևոր էր այդ հանդիպմանը ներկա լինել, որովհետև իր դերակատարությունը երկու գերտերությունների նախագահների մոտ մեծանում է, հատկապես պետք է հաշվի առնել Ադրբեջանի հետ վերջին ամիսներին տեղի ունեցածը՝ կոռուպցիոն սկանդալները, եվրոպացի չինովնիկներին կաշառելը և այլն»,- ասաց նա՝ նշելով, որ այդպես Ադրբեջանը կարծես նաև Արևմուտքին է պատասխանում, որ ավելի լավ հարաբերություններ ունի Իրանի և Ռուսաստանի, քան նրանց հետ:
Մյուս կողմից, ըստ Կայծ Մինասյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուժ է ստացել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությունից: Նրա խոսքով՝ փաստորեն հիմա այդ երկաթգծի շահագործումն ու Իրանի և Ռուսաստանի հետ բանակցությունները Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության շուրջ փրկեցին նրան դիվանագիտական ասպարեզում, և նա դարձավ նաև Հարավային Կովկասի կենտրոնը:
«Այդ խավիարային դիվանագիտության սկանդալներից հետո դժվար է Ադրբեջանի համար ներկայանալը: Ուժ ունենալով և ստանալով՝ Ալիևը շատ բան չկորցրեց, սակայն պետք է հաշվի առնել, որ մի բան է՝ հայտարարելը, որ պատերազմ չեն ցանկանում, մեկ այլ բան է դա չանելը: Հայաստանը պետք է այս պարագայում ճիշտ քաղաքականություն վարի՝ արձանագրի և ուսումնասիրի Թեհրանում եղած հայտարարությունը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին՝ ասելով, որ այլևս ոչ մի դիվերսիոն գործողությունը, ոչ մի լայնամասշտաբ պատերազմ, ոչ մի նոր սադրանք չպետք է լինի»,- նշեց նա:
Անդրադառնալով այն կարծիքներին, որ Ադրբեջանը Իրանի և Ռուսաստանի հետ ունեցած ձևաչափում առանձնապես դեր չի խաղում՝ Կայծ Մինասյանը նշեց, իրականում այդ երկիրը բոլորի հետ պատրաստ է գնալ ուղղակի զիջումների և ոչ թե փոխզիջումների:
«Որովհետև կարիք ունի երևալ, որպես «լավ աշակերտ», լավ իշխանություն: Բոլոր պետությունների հետ հարաբերություններում կարող է գնալ զիջումների, բացի Հայաստանից ու հայ ժողովրդից: Իր համար հայերը կամ պետք է կամ վերանան, կամ էլ փախչեն: Եթե նրանք գնան փոխզիջումների Հայաստանի առջև, մեծ զոհողություն կլինի նրանց համար»,- ասաց նա՝ նկատելով, որ եթե մի օր Ալիևը հայտարարի, որ պատրաստ է խաղաղ ճանապարհով, փոխզիջումներով խնդիրը լուծել, իր համար մեծ պարտություն կլինի:
Ֆրանսահայ փորձագետի խոսքով, իհարկե, ադրբեջանցիները ցանկանում են Հայաստանը մեկուսացնել, բայց նրա խոսքով, ո՛չ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, ո՛չ էլ Իրան-Ադրբեջան երկաթգիծը կառուցելով իրենց նպատակին չեն հասնի:
Կայծ Մինասյանը Եվրամիության հետ Հայաստանի կողմից «Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրի» ստորագրումն այդ մեկուսացումից դուրս գալու քայլ համարեց:
«Եթե Հայաստանը նաև համաձայնագիր ստորագրի Իրանի և Թուրքմենստանի հետ, եթե իր հարաբերությունները խորացնի Իրանի հետ, ինչպես ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը, Ադրբեջանի ցանկությունը չի իրականանա: Պետք է սպասենք»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իհարկե Ադրբեջանն ավելի մեծ երկիր է՝ ավելի մեծ հնարավորություններով և անկախությամբ, քան Հայաստանը, բայց նրանց ցանկությունը չի իրականանա:
Որպեսզի Հայաստանը չմեկուսանա և մասնակից դառնա տարածաշրջանային գործընթացներին, ըստ Կայծ Մինասյանի, ՀՀ իշխանությունները պետք է զարգանան, պետությունը մաքուր լինի, որ ավելի «աշխույժ տնտեսություն» ունենա, որը կծառայի ժողովրդի ազգային շահերին և ոչ թե իշխանությունների և օլիգարխների սեփական շահերին:
«Օլիգարխները պետք է հասկանան, որ կարևորը պետությունն է, ոչ թե սեփական շահը: Եթե ժողովուրդ չլինի երկրում, ինչպե՞ս են իրենց ապրանքները ներքին շուկայի համար վաճառելու: Դա պետք է հստակ լինի իշխանությունների համար»,- ասաց նա՝ նշելով, որ բոլոր ժամանակների ՀՀ իշխանությունները վարել են ոչ խելամիտ քաղաքականություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան:
«Իսկ թե արդյոք այսօրվա իշխանությունները կարո՞ղ են ավելի խելամիտ լինել» հարցին ի պատասխան նա նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ինչ-որ առումով հույս ներշնչում է, կարծես թե գիտի, թե ինչ և ինչպես անել:
«Նա ավելի լավ գիտի, թե իբրև լավ մենեջեր՝ ինչպես աշխատել միջազգային և տնտեսական համակարգերի հետ: Սերժ Սարգսյանը հին ժամանակի հետ է կապված, իր ժամանակաշրջանը վերջացած է՝ չնայած նրան, որ շատ լավ շախմատիստ է: Նկատելի է, որ մրցակցություն կա իշխանության մեջ: Մի կողմում Սերժ Սարգսյանն է՝ ներկայացնում է կառավարության կերակրող աշխարհը, բայց այսօր աշխարհը պատկանում է տնտեսական ոլորտին: Եվ մյուս կողմում Կարեն Կարապետյանն է, որը մենեջեր է, որն ասում է, թե ինչպես պետք է աշխատել և ինչ անել: Նա անուղղակի դժգոհում է Սերժ Սարգսյանից և իր վարչակազմից՝ արդեն մեկ տարի է ասելով, թե ինչպես պետք է աշխատել, մտածել, մոտենալ խնդիրներին: Չնայած ասում են՝ Կարեն Կարապետյանը ռուսամետ է, «Գազպրոմից» է եկել, սակայն լավ ռուսամետ լինելը դեռ չի նշանակում, որ չի կարող լավ աշխատել: Նա կարող ուժ է և գիտի, թե ինչպես աշխատել: Կարևոր է, թե ինչպես է Կարեն Կարապետյանը վարվում արտերկրում քաղաքական ղեկավարների հետ: Արևմուտքը նրան ավելի լավ է ճանաչում»,- ասաց նա: