Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը հանդես է եկել մենահամերգով՝ իր ծննդավայր Գյումրիում (լուսանկարներ)
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգը՝ իր ծննդավայր Գյումրիում: Դրամատիկական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր համասյանական արվեստի երկրպագուներով:
«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչքան մեծ է հետաքրքրությունն այս համերգի նկատմամբ, պիտի փորձենք այսօր Գյումրիի հյուրանոցներում տեղեր ամրագրել: Զանգենք ցանկացած հյուրանոց ու հարցնենք՝ ունե՞ք այսօր ազատ համարներ: Բնականաբար ձեզ կպատասխանեն՝ ոչ, որովհետև հանդիսատեսի 50 տոկոսից ավելին գյումրեցիներ չեն, ապրում են տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Երևանում, հյուրեր ունենք Վրաստանից, մարդիկ կան, որոնք տոմսեր են պատվիրել Իրանից: Մի խոսքով, այս համերգը ոչ միայն նպաստում է Գյումրու դրամատիկական թատրոնին, այլ, այսպես ասած, զարգանում է նաև տուրիստական հոսքը: Մենք ինքներս չենք կարողանում Գյումրու հյուրանոցներում մեր հյուրերի համար տեղեր գտնել»,-նշել է համերգի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։
Համասյանի՝ 2018թ. փետրվարին լույս տեսնող նոր ստեղծագործությունների ձայնասկավառակը նվիրված կլինի Գյումրիին՝ For Gyumri վերնագրով:
Մենահամերգի ողջ հասույթը երաժիշտը նվիրել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամին»: