Ներքին, հին արցախյան խնդիրներ են և կա քաղաքական վճիռ՝ մեկուսացնել Սամվել Բաբայանին. Ազատ Արշակյան
Կա քաղաքական վճիռ՝ մեկուսացնել Սամվել Բաբայանին. նման համոզման է Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
«Ես կարծում եմ ներկայացված գործի դետալները տեխնիկական խնդիրներ են, իրադրությունը խճճող։ Կա սկզբունքային հարց՝ Սամվել Բաբայանին հարկավոր է մեկուսացնել և նա պետք է մեկուսացվի ու պատժվի, իսկ դրա համար համապատասխան հոդվածը դժվար չի կպցնել, կազմակերպելը: Հիմա այդ հոդվածն են դրել, մարդը կա և նրա վրա կարելի է հարմարացնել քաղաքական ցանկացած հոդված»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ «Իգլա»-ի գործով դատական նիստին այսօր դատախազը ամբաստանյալ Սամվել Բաբայանի համար պահանջել էր 4 տարվա ազատազրկում «Իգլա»-ի ձեռքբերման համար և 4 տ` փողերի լվացման համար: Վերջնական պահանջել էր 7 տարվա ազատազրկման դատապարտել Սամվել Բաբայանին։
Ազատ Արշակյանը պնդմամբ`Բաբայանի դեմ սկսված գործընթացը քաղաքական ենթատեքստի շարունակությունն է: «Դա վաղուց սկսվել էր և հիմա այս գործով էլ շարունակվում է, և կարծում եմ քաղաքական մասը դա է»,-ասաց նա:
Իրավական առումով ևս, ըստ նրա՝ Հայաստանի դատավորներն անվստահելի են:
«Դատարաններն անկախ չեն և ցանկացած դատավճիռ ես համարում եմ կասկածելի և անվստահելի ցանկացած վճիռ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու են ուզում մեկուսացնել, Ազատ Արշակյանը նշեց, որ Սամվել Բաբայանի դեպքում դա իր տրամաբանությունն ունի: «Ներքին, հին արցախյան խնդիրներ են նախ և առաջ, և երկրորդը՝ Սամվել Բաբայանը չկառավարվող է, ոչ միայն Սամվել Բաբայանը, այլ ցանկացած մեկը ով կասի, որ ես կարող է այլ կերպ եմ մտածում, կամ չեմ ճանաչում ձեր իշխանությունը, դա արդեն հայտարարում է, որ ինքը որևէ հոդվածի տակ կարող է դատվել: Իսկ Սամվել Բաբայանը դատվել է, դատվում է, որովհետև նա ՀՀԿ-ի կողմից համարվում է օտար, անկառավարելի և վտանգավոր»,-ասաց նա: