World News in Armenian

Ըստ մեղադրանքի՝ մայիսին զոհված կրտսեր սերժանտին ծառայակիցը սպանել է իրեն հայհոյելու համար. գործն ուղարկվել է դատարան

2017 թվականի մայիսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանի սպանության գործի նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Բերդի դատարան և մակագրվել դատավոր Սամվել Մարդանյանին:

Արման Հակոբյանը, ում մեղադրանք է առաջադրվել, հանդիսացել է ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող: Նա 2017թ ապրիլի 28-ից մայիսի 12-ը որպես դիտորդ մարտական հերթապահություն է իրականացնել N զորամասի մարտական հենակետերից մեկում:

Այդ ընթացքում Գագիկ Մեսրոպյանի կողմից նրա զենքը վերցնողի մասին իմանալու պայմաններում ստողի (այսինքն իր) հասցեին սեռական բնույթի հայհոյանք տալուց հետո վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր հրացանով մեկ կրակոց է արձակել Գագիկ Մեսրոպյանի ուղղությամբ: Վերջինս Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Արման Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանությունը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով:

Արման Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Читайте на сайте