Բժշկության «Դա Վինչի». Մոսկվայում օնլայն վիրահատություն է անցկացվել ռոբոտի օգնությամբ
Մոսկվայի համար 50 կլինիկական հիվանդանոցում «24-ժամյա կենդանի ռոբոտային վիրաբուժություն» միջազգային մարաթոնի շրջանակում «Դա Վինչի» բժշկական ռոբոտի մասնակցությամբ վիրահատություն է անցկացվել, որը հեռարձակվել է ամբողջ աշխարհում: РИА Новости-ի թղթակիցը զրուցել է Ռուսատանի Առողջապահության նախարարության գլխավոր միզաբան Դմիտրի Պուշկարի հետ և իմացել՝ ինչպես են բժիշկները եզակի ռոբոտի միջոցով օգնում ծանր հիվանդներին:
Պուշկարի խոսքով՝ բարդագույն բժշկական ռոբոտի օգնությամբ վիրահատական գործողություններն իրականացնում է բժիշկների մի ամբողջ թիմ:
«Դա Վինչի» ռոբոտը չորս «ձեռք» ունի, որոնցից երեքի վրա տեղադրված են վիրաբուժական գործիքներ, իսկ չորրորդի վրա՝ 3D տեսախցիկ: Հատուկ բռնակների և ոտնակների միջոցով վիրաբույժը կառավարում է ռոբոտի շարժումները: Բժիշկը հետևում է իրականացվող վիրահատությանը մոնիտորի միջոցով, որի վրա արտապատկերվում է գործողությունների՝ 10 անգամ մեծացված եռաչափ պատկերը», - պատմել է նա:
Վիրաբույժը նաև նշել է, որ սա օնլայն ձևաչափով անցկացվող վիրահատությունների արդեն չորրորդ նմանատիպ փորձն է: Բժիշկները որոշել են «ոչ թե ցուցադրել ամենատարածված վիրահատությունը շագանակագեղձի քաղցկեղով տառապողի հիվանդի մոտ, այլ ավելի բարդ մի բան»:
«Մի ժամից քիչ ժամանակահատվածում մենք վերականգնել ենք վնասվածք ստացած կնոջ միզանցքը: Պահպանել ենք երիկամը, գտել միզանցքը և տեղափոխել այն միզապարկ», - պատմել է Պուշկարը: