World News in Armenian

Ֆարնբորոյի ավիաշոուի ժամանակ 192 մլրդ դոլարի գործարքներ են կնքվել

Բրիտանական Ֆարնբորոյում անցկացվող միջազգային ավիաշոուի ժամանակ ընդհանուր առմամբ 192 մլրդ դոլարի գործարքներ են կնքվել, որը 67.5 մլրդ դոլարով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:

Ինչպես գրում է Коммерсант-ը՝ հղում անելով ավիաշոուի մամլո ծառայությանը, գործարքների թվում համաձայնագրեր են կնքվել ավելի քան 1400 ինքնաթիռ վաճառելու մասին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 154 մլրդ դոլար:

Գործարքների թվով առաջատարն է ամերիկյան Boeing ընկերությունը, որը 676 ինքնաթիռի պատվեր է ստացել՝ 92 մլրդ դոլար ընդհանուր արժեքով: Երկրորդ տեղում է ֆրանսիական Airbus-ը, որը 431 ինքնաթիռի պատվեր ունի՝ 70 մլրդ դոլար արժեքով:

Ավիաշոուն մեկնարկել է հուլիսի 16-ին: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 100 երկիր:

Հիշեցնենք, որ ավիաշոուի մեկնարկի առաջին իսկ օրը Boeing և Airbus ինքնաթիռաշինական ընկերությունները 43 մլրդ դոլարի գործարքներ էին կնքել:

Читайте на сайте