Այս տարի «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնին ավելի քան 6 մլն մարդ է այցելել
Մյունխենում հոկտեմբերի 7-ին ավարտվում է «Օկտոբերֆեստ» գարեջրի ամենամյա ավանդական տոնակատարությունը:
Ինչպես հայտնում է DW.com-ը՝ մեջբերելով կազմակերպիչների տվյալները, 2018 թվականին տոնական միջոցառմանը շուրջ 6.3 մլն մարդ է այցելել, որը 100 000-ով ավելին է նախորդ տարվա համեմատ: Կազմակերպիչների խոսքով՝ հյուրերի թվում աճել է ընտանիքներով ժամանած և 60-ից բարձր տարիքի անձանց թիվը:
«Օկտոբերֆեստի» 185-րդ տոնակատարության այցելուները շուրջ 7.5 մլն լիտր գարեջուր են ըմպել: Գարեջրի մեկ լիտրանոց գավաթն այս տարի շուրջ 11.50 եվրո արժե, ընդհանուր առմամբ՝ 55 ցենտով ավելի շատ, քան մեկ տարի առաջ:
Չնայած այցելուների թվի աճին՝ իրավախախտումներ կատարողների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է 10 տոկոսով: Ոստիկանների տվյալներով՝ նվազել են սեռական բնույթի հանցագործությունների, պայուսակների գողությունների և ծեծկռտուքների դեպքերը: Փառատոնի ժամանակ կարգուկանոնին հետևել է 600 ոստիկան:
Միջոցառմանը հոկտեմբերի 5-ին այցելել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը տիկնոջ՝ Հիլարիի հետ: