Քաղաքային փղերը կանհետանան Նյու Դելիի փողոցներից
Նյու Դելիի իշխանությունները որոշում են կայացրել փողոցներից վերացնել քաղաքային փղերին և նրանց հատուկ կացարանների փոխանցել:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այսօրվա դրությամբ մայրաքաղաքի արվարձաններում 6 փիղ է մնացել. այդ կենդանիները հանդիսանում են քաղաքի խորհրդանիշերից մեկը:
Դեռևս 1980-ականներին Դելիի Ազգային մայրաքաղաքային շրջանում առնվազն 200 փիղ է եղել, հինգ տարի առաջ՝ 20-ից ավելի: Նախկինում փղերը բարձրագույն իշխանության կարևորագույն և անբաժանելի խորհրդանիշն են եղել. յուրաքանչյուր հնդիկ ռաջա և մահարաջա կամ այլ պաշտոնյա փղով է երթևեկել:
Սեպտեմբերին Նյու Դելիի իշխանություններն արձագանքել են կենդանիների պաշտպանների բազմաթիվ բողոքներին և որոշել են քաղաքային հսկաներին ուղարկել սոցիալական կացարաններ:
Այդ որոշումից դժգոհ են քաղաքում մնացած փղերի տերերը՝ պնդելով, որ իրենք վաղուց են փղերին պահում, և քաղաքի կլիման բարենպաստ է նրանց համար, ինչի շնորհիվ էլ կենդանիները երկար են ապրում՝ 60-70 տարի: