World News in Armenian

Շառլ Ազնավուրին շնորհվել է BraVo երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը

Համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման գործում ավանդի համար BraVo մրցանակաբաշխության ոսկե արձանիկ է շնորհվել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Կրեմլի պալատում: «Նրա արվեստը ողջ է, նրա երաժշտությունը հիշողության մեջ կմնա հավերժ և երկար-երկար տարիներ կլուսավորի իր լույսով բազմաթիվ սերունդների», - ասել է արարողության վարող Ֆիլիպ Կիրկորովը:

Նա նշել է, որ այս քայլով հարգանքի տուրք է մատուցվում զարմանահրաշ, չգերազանցված արտիստի լուսավոր հիշատակին: Կիրկորովի խոսքով՝ ոսկե արձանիկը կփոխանցվի Ազնավուրի ընտանիքին:

BraVo մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ անգամ: Այն կոչված է ընդգծելու արտիստների նվաճումները դասական և հանրաճանաչ երաժշտության ոլորտում:

Ազնավուրը CNN-ի և Times ամսագրի վարկածով ճանաչվել է դարի լավագույն էստրադային կատարող: Մաեստրոյի 70 տարվա կարիերայի ընթացքում 100 մլն ձայնասկավառակ է վաճառվել, գրվել է 1200 երգ, կերտվել 80 դեր, թողարկվել 294 ալբոմ և անցկացվել ավելի քան 1000 համերգ աշխարհի 94 երկրում:

Читайте на сайте