Ամերիկացի սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացրել է, որ ամերիկացի սենատոր Դեյվիդ Փերդյուն, որը ներկայացնում է Ջորջիա նահանգը, արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի (S.Res.152) քվեարկությունը: Սենատորն իր որոշումը պատճառաբանել է՝ ասելով, որ դա օրենսդրության կողմից քննարկվելիք հարց չէ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը նույնպես ներկա էր այդ հանդիպմանը, Սենատում վետո է կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում:
Նշենք, որ այսօր Սենատում զուգահեռ ընթացող ելույթի ժամանակ Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և Տեխասը ներկայացնող հանրապետական Թեդ Քրուզը կոչ են արել միաձայն համաձայնություն տալ Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում (ստորին պալատ) հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։