ԱՄՆ-ում 55 տարի անց բացահայտվել է նորածնի առևանգումը
ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է 1964 թվականին ծնված նորածնի առևանգումը: Այս մասին հայտնում է WGN-TV-ն:
Աղբյուրը հայտնում է, որ 1964 թվականի ապրիլի 25-ին Չիկագոյի բնակչուհի Դորա Ֆրոնչակը որդի է ունեցել և նրան անվանել է Պոլ: Հաջորդ օրը կնոջ հիվանդասենյակ է մտել բուժքրոջ հագուստով մի կին և երեխային զննելու նպատակով դուրս բերել, դրանից հետո փոքրիկն անհետացել է:
Երկու տարի անց իրավապահ մարմինները գտել են մի տղայի, որը նման է եղել Ֆրոնչակին: Դորան նույնպես վստահ է եղել, որ որդին գտնվել է, սակայն 2014 թվականին ԴՆԹ-ի անալիզները ցույց են տվել, որ նրա և ենթադրյալ որդու միջև արյունակցական կապ չկա:
Իսկական Պոլ Ֆրոնչակին հաջողվել է գտնել միայն այս տարի: Նշվում է, որ տղամարդն ապրում է Միչիգան նահանգում և ունի օնկոլոգիական խնդիրներ: Դեռևս նա չի հայտնել, ցանկանո՞ւմ է արդյոք հանդիպել իր կենսաբանական մոր հետ, թե՞ ոչ: Նրա հայրը` Չեսթերը, մահացել է մի քանի տարի առաջ: