Ուկրաինացի պատանդառուն վիրավորել է պատանդին. ևս երեք պատանդ բաց է թողնվել
Ուկրաինայի Լուցկ քաղաքում ավտոբուսի զավթիչը պատմել է պատանդների վատ վիճակի մասին՝ տեղական «Վոլինսկի Նովինի» պարբերականի հետ հեռախոսազրույցում:
Չարագործը վիրավորել է պատանդներից մեկին, սակայն չի հստակեցրել, թե՝ որքանով ծանր։ Ավտոբուսում կան նաեւ հղի կին ու երեխա։ Նրանք բոլորն իրենց վատ են զգում, բայց ահաբեկիչը չի պատրաստվում նրանց բաց թողնել։ «Ոստիկանությունն ինձ ընդառաջ չի գնում։ Ոչ մի քայլ չեմ տեսել, միայն սադրանքներ են եղել», — ասաց նա և կրկնեց իր պահանջները։
Ավելի ուշ հայտնել են, որ Ուկրաինայի Լուցկ քաղաքում առևանգված ավտոբուսից երեք պատանդ է դուրս եկել: Այդ մասին տեղեկացրել է «Страна.ua»-ն:
Ահաբեկիչ Մաքսիմ Կրիվոշը ազատ է արձակել հղի կնոջը, երեխային եւ տատիկին: ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտնել է, որ ավտոբուսը գրավողի հետ պայմանավորվել է Ազգային ոստիկանության ղեկավարի առաջին տեղակալ Եվգենի Կովալը:
Հուլիսի 21-ին ավտոբուսը գրավել է Ուկրաինայի 45-ամյա քաղաքացի Մաքսիմ Կրիվոշը։ Նա ծնվել է Օրենբուրգի մարզում, մեծացել է Լուցկում, երկու անգամ դատվել է եւ բուժվել է հոգեբուժարանում: Ահաբեկիչն Ուկրաինայի իշխանություններին պահանջ է ներկայացրել՝ իրեն «օրենքով ահաբեկիչ» հայտարարել։
The post Ուկրաինացի պատանդառուն վիրավորել է պատանդին. ևս երեք պատանդ բաց է թողնվել appeared first on ԳԱԼԱ.