ՌԴ ԱԴԾ-ն հեռացավ Զվարթնոցից․ 32-ամյա աշխատանքը անթերի էր և ապօրինի

Ռուսաստանի ԱԴԾ-ն շարունակելու է հսկել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները

The post ՌԴ ԱԴԾ-ն հեռացավ Զվարթնոցից․ 32-ամյա աշխատանքը անթերի էր և ապօրինի first appeared on Epress.am.

Ռուս սահմանապահները հեռացվել են «Զվարթնոցից»։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներն այսօր ավարտել են իրենց ծառայությունը Երևանի օդանավակայանում և օդային անցակետի պետական սահմանը հանձնել հայկական կողմի պահպանությանը։ Նախաձեռնությունը Երևանինն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ մարտին էր հայտարարել, որ օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները դուրս են գալու «Զվարթնոցից», և Հայաստանն ինքնուրույն են կատարելու իր օդային սահմանի պահպանությունը։

Հրաժեշտի պաշտոնական արարողությունն այսօր էր։ Ռուս հրամանատարները շնորհակալություն հայտնեցին ռուս սահմանապահներին, որ անթերի աշխատանք են կատարել հայկական օդանավակայանում և անցած 32 տարիների ընթացքում անգնահատելի փորձ, գիտելիք ու հմտություն են փոխանցել հայ գործընկերներին։ Շնորհակալությունների բովանդակությունը վերահաստատեց Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը։

Փաշինյան-Պուտին մայիսի 8-ի հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել, որ ռուս սահմանապահները դուրս են գալու երևանյան օդանավակայանից և Հայաստանի մի շարք մարզերից (ներառյալ Տավուշը, որտեղ սկսվել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան): Ռուսաստանի ԱԴԾ-ն շարունակելու է հսկել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները։

ներկայությունը մի քիչ ապօրինի էր

Միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը իրավական տարընթերցումների տեղիք էր տալիս անցած երեսուն տարիների ողջ ընթացքում։ Նրանց գործունեությունը առհասարակ ապօրինի էր։

1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանն ու Մոսկվան կնքել էին «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագիրը։ Պայմանագրով Հաստանը ռուսական սահմանապահ զորքերին թույլատրում էր ժամանակավորապես վերահսկել Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանները։

Պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում էր, որ Հայաստանը սեփական սահմանապահ ստորաբաժանումների ստեղծմանը զուգահեռ պետք է իր պահպանության տակ վերցներ իր արևմտյան ու հարավային սահմանների վերահսկողությունը։ Թեև սեփական սահմանապահ կառույցներն արդեն վաղուց ստեղծված են, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները մնում են ռուսական զորքերի հսկողության ներքո։ Սահմանի որևէ հատված անցած տասնամյակների ընթացքում չի անցել Հայաստանի պահպանության տակ։ Ավելին, ռուս սահմանապահները այնտեղ կանգնած են եղել պայմանագրի ստորագրումից առաջ նաև՝ ավելի շուտ խորհրդային իներցիայով, քան հետխորհրդային իրավական հիմքերով։

Չնայած «Զվարթնոցում» ռուս սահմանապահների ներկայությունը հայաստանյան ԱԱԾ-ն պատճառաբանում էր հենց 1992-ին ստորագրված պայմանագրով, այնտեղ օդանավակայանների հետ կապված որևէ դրույթ չկա։ Պայմանագրի 3-րդ հոդվածը ուղղաիորեն ամրագրում է, որ «Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների և այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Իրավական ի՞նչ հիմքով էին, ուրեմն, ավելի քան 30 տարի ռուս սահմանապահները գործում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և պարբերաբար ստուգում մեկնող և ժամանող քաղաքացիների անձնագրերը։ Նրանք, ի դեպ, հասանելիություն ունեին նաև ՀՀ ՍԷԿՏ համակարգին, որը պարունակում է Հայաստանի քաղաքացիների և Հայաստանի սահմանը հատող այլ անձանց տվյալները։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» հայաստանյան օրենքի 27-րդ հոդվածների համաձայն՝ տվյալները, որոնք ներառված են ՍԷԿՏ-ում, կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին բացառապես վավերացված միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում։

Բայց 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը երբևէ չի վավերացվել, չնայած թե՛ 1992-ին և թե՛ հիմա գործող իրավակարգավորումներով այն ենթակա էր վավերացման։ Ավելին՝ այդ պայմանագիրը, ինչպես արդեն նշեցինք, օդանավակայանում ներկայություն և ՍԷԿՏ համակարգին հասանելիություն առհասարակ չէր ենթադրում։

Անցած երեսուն տարիների ընթացքում, օգտվելով այս հասանելիությունից, ռուսները Հայաստանի տարածքից, օրինակ, մարդ են առևանգել։ Դեպքեր են եղել, երբ Ռուսաստանում պերսոնա նոն գրատա հայտարարված՝ երրորդ պետոթյունների քաղաքացիներին «Զվարթնոցում» չեն թույլատրել մտնել Հայաստան։ Բոլորովին վերջերս ռուսները օդանավակայանում հարցաքննել էին Հայաստան ժամանած ընդդիմադիրներից մեկին։ 2016 թվականին էլ ռուսամետ խմբերը հրապարակել էին Հայաստանի սահմանային անցակետը հատած քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների մասին տվյալները։ Հիմնավոր կասկածներ կային, որ այդ արտահոսքը կազմակերպվել էր հենց Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից։

տե՛ս

Արյուն, ապօրինություն, ինքնագործունեություն․ ՀՀ-ում ՌԴ սահմանապահների 30 տարին

Հայաստանը շնորհակալ է «Զվարթնոցում» ապօրինի ներկայության համար

Ռուսական զորքերի մի մասը չի հեռանալու Հայաստանից

The post ՌԴ ԱԴԾ-ն հեռացավ Զվարթնոցից․ 32-ամյա աշխատանքը անթերի էր և ապօրինի first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net