Ադրբեջանական հասարակությունը պատրաստ է ներել ավտորիտար ռեժիմին ամեն բան, կենսապայմանների վատթարացումից բացի
Ադրբեջանի օրինակը ցույց է տալիս, որ հասարակությունը պատրաստ է ավտորիտար ռեժիմին ներել ամեն բան, կենսապայմանների վատթարացումից բացի, գտնում է Հարավային Կովկասի գծով բրիտանացի մասնագետ Թոմ դե Վաալը:
ՙ2016 թվականն Ադրբեջանի համար աչքի ընկավ սոցիալ-տնտեսական բավական ուժեղ ցնցումներով՝ պայմանավորված ազգային արժույթի՝ մանաթի անկումով, ինչը հանգեցրեց գնաճի և քաղաքական ընտրախավի նյարդային վիճակի: Իրավիճակը վատթարացրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը, ինչից հետո նավթի գներն իջան մեկ բարելի դիմաց $30-ից: Այս պայմաններում Ադրբեջանի պետբյուջեի երեք քառորդը ստացվում է նավթի վաճառքից՚,- նշում է վերլուծաբանը Կարնեգի-Եվրոպա կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում:
Բրիտանացի փորձագետն ադրբեջանական քաղաքներում քաղաքացիների՝ ուժային մեթոդներով ցրումը և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները համարում է ոչ միայն տնտեսական լուրջ խնդիրների, այլ նաև ներքաղաքական անկայուն իրադրության վկայություն:
ՙՇատ ադրբեջանցիներ իրենց դժգոհությունն են հայտնում վերջին տարիներին նավթի իրացումից ստացված միլիարդ դոլարների անհիմն վատնումի, օրինակ՝ առաջին Եվրոպական խաղերի կազմակերպման նպատակով, ինչպես նաև պետական միջոցներն օֆշորային հաշվեհամարների վրա փոխանցման առնչությամբ: Այս ամենը հաշվի առնելով՝ սոցիալ-տնտեսական իրավիճակից քաղաքացիների դժգոհությունը լիովին կարող է քաղաքական բողոքների վերաճել՚,- ամփոփել է բրիտանացի վերլուծաբանը: