Ջավադյան. ֆինանսական համակարգը ժամանակին է արձագանքել արտաքին ազդակներին

ՀՀ կենտրոնական բանկն արտաքին տնտեսական ցնցմանը համեմատաբար ավելի վաղ, արագ և ուժեղ արձագանքեց դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքներով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով, ԿԲ-ը առավել արագ կարողացավ ապահովել մակրոտնտեսական կայունություն, ինչն էլ դրսևորվեց Հայաստանում գնաճի համեմատաբար ավելի ցածր և կայուն վարքագծում:

Մեկնաբանելով հարևանների մոտ ստեղծված վիճակը՝ ադրբեջանական մանաթի արժեզրկումը՝ Ջավադյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի կենտրոնական բանկը երկար տարիներ վարում է հաստատագրված փոխարժեքի քաղաքականություն, և փոխարժեքը կայուն էր մնում ի հաշիվ նավթի արտահանումից ստացված դոլարային հասույթի: Նավթի համաշխարհային գների կտրուկ անկումը չէր կարող չանդրադառնալ Ադրբեջանի ֆինանսական համակարգի վրա, քանի որ այդ արտահանման 90%-ը բաժին ընկնում է նավթին:

Վրաստանի ազգային բանկը, ինչպես և ՀՀ ԿԲ-ն, վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն: "Սակայն ի տարբերություն Վրաստանի` ՀՀ-ում ներմուծման կրճատումը զուգահեռվել է արտահանման դրական զարգացումներով: Դա նշանակում է դոլարի նկատմամբ ավելի քիչ պահանջարկ ենք ունեցել, ինչն էլ հիմք է հանդիսացել ՀՀ արժութային շուկայի հարաբերական կայունության ապահովման համար", - նշել է նա, փոխանցում է Tert.am:

Նրա խոսքով, տնտեսությանը տրամադրված վարկերի և ներգրաված ավանդների ծավալները 2008 թ-ից մինչ օրս աճել են միջինում տարեկան մոտ 20%-ով: Արդյունքում վարկեր/ՀՆԱ ցուցանիշը 17%-ից աճել է մինչև 39%, իսկ ավանդներ/ՀՆԱ ցուցանիշը՝ 12%-ից մինչև 35%: Մասնավորապես, գյուղատնտեսական վարկերի ծավալների միջին տարեկան աճը կազմել է մոտ 20%:

Անդրադառնալով այն հարցին, թե ԿԲ սահմանած բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի՝ 5 մլրդ դրամից մինչև 30 մլրդ դրամ բարձրացման որոշումը քանի բանկ է պահպանում, Ջավադյանը նշել է, որ Ներկայումս գործող 21 առևտրային բանկերից 6 բանկ ապահովում են նվազագույն շեմը: 30 մլրդ դրամից փոքր կապիտալ ունեցող բանկերի բաժնետերերը հիմնականում հակված են համալրել բանկերի կանոնադրական կապիտալները, և այս գործընթացը արդեն իսկ մեկնարկել է:

Անցյալ տարի բանկային համակարգի կանոնադրական կապիտալը համալրվել է 74 մլրդ դրամով: Բացի այդ՝ բանկային համակարգում ընթանում են նաև բանկերի միացումների և միաձուլումների գործարքներ, որոնց արդյունքում չեն փակվում բանկեր, այլ իրավահաջորդ բանկերը ձեռք են բերում գործարքի մասնակից բանկերի ակտիվները և պարտավորությունները, համատեղում են մրցակցային առավելությունները:

Читайте на сайте