Տանջալից աշխատանք, երեխայի նկատմամբ կարոտ. Եվրոպայի առաջնության չեմպիոնուհիները՝ հաղթանակի ճանապարհի մասին

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Նազիկ Ավդալյանն այսօր մամուլի ասուլիսին խոսեցին, թե ինչպես կարողացան ձեռք բերել հաղթանակը: Հռիփսիմե Խուրշուդյանը նշեց, որ ցանկացած հաղթանակ հեշտ չի տրվում, դժվարություններ լինում են և քրտնաջան աշխատանքի շնորհիվ են կարողացել հասնել արդյունքի:


Նազիկ Ավդալյանը նշեց, որ դժվար է ներկայացնել քո երկիրը և նման արդյունքի հասնելու համար պետք  է շատ տանջվել: Ինչ վերաբերում  է հաղթանակը Արցախում կռվող տղաներին նվիրելուն, ապա նա ասաց, որ դա պահի ազդեցության տակ եղավ, նախապես չէր որոշել: «Մենք շատ էինք մտածում իրենց մասին, կարելի է ասել իրենցով էինք ապրում և երբ հաղթեցինք այլ տարբերակ լինել չէր կարող»,-ասաց նա և նշեց, որ այդ տղաների շնորհիվ  երկիրն ապահով ձեռքերում է, ու նաև նրանց շնորհիվ իրենք կարողացան լավ հանդես գալ:


Նազիկ Ավդալյանը նշեց, որ նախապես չէր իմացել, որ ամուսինը մեկնել է  առաջնագիծ: «Ես չգիտեմ կկարողանայի մարզումներս նորմալ շարունակել,  եթե իմանայի, որ առաջնագծում է, գիտեի որ գնալու է, բայց չգիտեի, որ հենց առաջնագիծ է մեկնելու: Հետո, երբ իմացա հանկարծակիի եկա, սակայն  եթե իր կողքին էլ լինեի, ես հաստատ նրան հետ չէի պահի»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է Նազիկ Ավդալյանի ստացած վնասվածքին, և դրանից հետո մարզումներին վերադառնալուն,  ապա ասաց, որ դա շատ դժվար էր ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, որովհետև նման վնասվածքից հետո մտածում էր  կկարողանա կրկնել հաղթանակը: «Երեխայի, ամուսնու նկատմամբ կարոտը շատ մեծ էր, ես գիտեի, որ շատ դժվար էր լինելու, բայց որ այդ աստիճան, չէի պատկերացնում»,- ասաց նա և նշեց, որ այս հաղթանակով չի համարում իր ճանապարհն ավարտած, այլ դա ընդամենը ճանապարհի կեսն է։


Իսկ Հռիփսիմե Խուրշուդյանն ասաց, որ ինքը ևս որոշեց հայ ազգին ուրախացնել  և  ինչ-որ չափով մխիթարել՝ նվիրելով հաղթանակը Արցախում կռվող տղաներին:


Անդրադառնալով սպասվող Օլիմպիական խաղերին նշեց, որ շատ կցանկանա այնտեղից ևս հաջողությամբ վերադառնա:  «Կյանքի գնով էլ պետք  է կարողանանք Հայաստանի դրոշը ծածանել Օլիմպիական խաղերում»,- ասաց նա:


Ի դեպ, ծանրամարտիկները նշեցին, որ մայրանալուց հետո ամեն ինչ ավելի է դժվարացել, և բացի այն, որ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունեցել, հոգեբանորեն էլ երեխայից հեռու լինելը դժվար է: «Մեր երեխաները և՛ ուժ են տալիս, և՛ կարոտում են մեզ, կարոտը շատ դժվար է»,- ասաց Նազիկ Ավդալյանը:


Հռիփսիմե Խուրշուդյանն էլ նշեց, որ երեխան հետևում է իր մարզումներին, կրկնօրինակում է իր շարժումները, և երեխայի խնամքի հարցում շատ է օգնում սկեսուրը: «Եթե սկեսուրս չլիներ, սպորտ չէի վերադառնա»,- ասաց նա:

Читайте на сайте