Առաջիկա օրերին հավաքներ անցկացնելու վերաբերյալ ոստիկանությունը մինչ օրս ծանուցումներ չի ստացել.ոստիկանությունը տեղեկացնում է

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ։

 

Հայտարարության մեջ, մասնավորապես,  նշվում է.« Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն են ժամանում օտարերկրյա պատվիրակություններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:


Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման խնդիրն  իրականացնելու է պարեկապահակետային ուժեղացված ծառայությամբ՝ համայնքային ոստիկանության մեծաթիվ ծառայողների մասնակցությամբ:


Նշենք, որ առաջիկա օրերին հավաքներ անցկացնելու վերաբերյալ  ոստիկանությունը մինչ օրս լիազոր մարմնից կարծիք ստանալու նպատակով ծանուցումներ չի ստացել:


«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նման իրազեկումներ կարող են ներկայացվել հավաքի անցկացման օրվանից նվազագույնը 7 օր առաջ: Հիշյալ ժամկետն ինքնանպատակ չէ, և ոստիկանությանը հնարավորություն է տալիս նախապես միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը, հավաքի բնականոն ընթացքը, հավաքի մասնակիցների անվտանգությունը և այլոց իրավունքներն ապահովելու ուղղությամբ:


Նկատի ունենալով, որ իրազեկում ներկայացնելու վերը նշված ժամկետը բաց է թողնվել, ոստիկանությունը, հնարավոր հավաքներով պայմանավորված՝  ուժերի  և միջոցների բաշխում չի իրականացրել:


Օրենքով սահմանված միջոցներով հավաքների հնարավոր սահմանափակումնները բացառելու նկատառումներով  մեր  քաղաքացիներին, հասարակական միավորումներին ու շարժումներին   կոչ ենք անում՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրենց սահմանադրական  իրավունքն իրացնել բացառապես օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:


Վստահ ենք, որ ոստիկանության կոչը՝ ուղղված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովմանը, պատշաճ  արձագանք  կգտնի մեր հանրության կողմից»:   

Читайте на сайте