ԱՀԿ-ն Հայաստանը դասում է կյանքի միջին տևողությամբ երկրների շարքին
Հայաստանում կյանքի ակնկալվող միջին տևողությունը 74.8 տարի է, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Ինչպես նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այս տարի հրապարակվհած`«Առողջապահության համաշխարհային վիճակագրություն. Առողջության ցուցանիշների մշտադիտարկում՝ կայուն զարգացման նպատակների շրջանակում» զեկույցում, 2000-2015 թվականների ընթացքում կյանքի միջին տևողության ակնկալվող ցուցանիշներն ամբողջ աշխարհում կտրուկ աճել են 5 տարով:
Սսակայն առողջական վիճակի ցուցանիշներով լուրջ անհավասարությունները դեռ պահպանվում են ինչպես երկրների միջև, այնպես էլ երկրի ներսում:
Եվրոպական տարածաշրջանում կյանքի ամենաբարձր ակնկալվող տևողությունը Շվեյցարիայում է (83.4 տարի), իսկ ամենացածրը՝ Թուրքմենստանում (66.3 տարի): Վրաստանում այս ցուցանիշը 74.4 տարի է, Ադրբեջանում՝ 72.7 տարի, Բելառուսում՝ 72.3, Ուկրաինայում՝ 71.3: Երկարակեցության ցուցանիշներով համաշխարհային չեմպիոններն են ճապոնացիները՝ 83.7 տարի, իսկ վերջին տեղում է Սյերա Լեոնեն է՝ 50.1 տարի: Կյանքի միջին տևողության ակնկալվող առավելագույն աճը Աֆրիկյան տարածաշրջանում է որտեղ այս ցուցանիշը աճել է 9.4 տարով ու հասել 60 տարեկանի, ինչին հիմնականում նպաստել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են երեխաների առողջության ցուցանիշների բարելավումը, հաջողությունները մալարիայի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ վարակի թերապիայի հասանելիության բարձրացումը:
2015-ին ծնված երեխաների կյանքի միջին ակնկալվող տևողությունը ամբողջ աշխարհում կազմել է 71.4 տարի, սակայն յուրաքանչյուր երեխայի վերաբերյալ կանխատեսումները պայմանավորված են նրա ծննդյան վայրով: Զեկույցում նշված է, որ եկամուտի բարձր մակարդակ ունեցող 29 երկրներում նորածինների ակնակլվող կյանքի տևողությունը կազմում է 80 և ավելի տարի, իսկ օրինակ Աֆրիկյան 22 երկրների նորածինների կյանքի ակնկալվող տևողությունը 60 տարեկանից էլ քիչ է:
«Առողջապահության համաշխարհային վիճակագրություն» այս տարվա զեկույցում ներկայացված են նորագույն տվյալներ 2015-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած Կայուն զարգացման նպատակներ ծրագրի շրջանակում առողջությանը վերաբերող խնդիրների մասին: