Հայ ժողովուրդը պետք է ասի, որ մենք չենք ընդունում որևէ առաջարկ կամ սկզբունք, որը մեզանից կխլի մեր հայրենիքը. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Հավաքական ուժերի միացմամբ, մեր սխալների շտկմամբ, կարող ենք հասնել հաղթանակի: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ռազմական առումով հերոս զինվորը, որը իր վրա վերցրել է մեր բոլորի մեղքերը, դժվարությունները, պատրաստ է, հետ կանգնող չէ: Կարծես թե բոլորս 20 տարի ու ավելին քաղաքական համապատասխան հրամանի ենք սպասում, թե որտեղից է գալու այդ հրամանը, ես չգիտեմ, բայց այն, որ Ադրբեջանը լկտի ձևով փորձեց ստատուս քվոն փոխել, ու մենք չպատասխանեցինք զսպվածության, մեկին չնեղացնելու ելակետից, սխալ էր»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ թեկուզ ուշացած, բայց Հայաստանը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը: «Մենք կանգնած ենք մեր հերոս զինվորի կողքին, բայց ներքին անվստահություն կա, որը պետք է հաղթահարենք՝ նոր մոդելներ առաջարկելով: Անկախ նրանից՝ ով որտեղից է, մենք բոլորս պետք է ասենք, որ սա մեր հայրենիքն է, և ով փորձում է օրակարգ բերել տարբեր տեսակի անցյալից մնացած ինչ-որ սկզբունքներ, դիվանագիտական խաղերից ծնված սկզբունքներ՝ Մադրիդյան կլինեն դրանք, թե այլ, պիտի չգործեն: Մենք ունենք թշնամի, որը պատրաստ է թեյ խմել Ստեփանակերտում, Սևանում, Երևանում և այլն ու նման դեպքում խոսել ստատուս քվոյի մասին, անհիմն է: Հայ ժողովուրդը պետք է ասի, որ մենք չենք ընդունում որևէ առաջարկ կամ սկզբունք, որը մեզանից կխլի մեր հայրենիքը»:
Հարցազրույցի մանրամասները Tert.am-ի տեսանյութում։