Գուցե առաջ  վիզա ստանալու հարցում կար դժվարություն, բայց հիմա այդ շշուկներն այլևս չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մամուլի ասուլիսին անդրադարձավ շրջանառվող այն խոսակցություններին, թե Ֆրանսիայի դեսպանատունը դժվարությամբ է վիզաներ տրամադրում։

Նա ասաց, որ իրազեկ է այդ խոսակցություններին: «Ես իսկապես ցավում եմ նմանատիպ խոսակցությունների համար, որովհետև այդ շշուկները, խոսակցությունները այլևս չեն համապատասխանում իրականությանը: Գուցե որոշ ժամանակ առաջ կար դժվարություն, խնդիրներ՝ դիմելու դեպքում մերժում ստանալու առնչությամբ, սակայն այդ շշուկները այլևս չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:

Դեսպանը հայտնեց, որ այսօր կարճաժամկետ վիզաների համար դիմողներից  ընդամենը 16,5 տոկոսն է մերժվում և 2015 թվականից սկսած վիզաների հայտերի ուսումնասիրության ժամանակը մեկ օրով կրճատել են:

Դեսպանը վստահեցրեց, որ ցանկացած ոք, որը կներկայացնի ճիշտ, ընդգրկուն համապատասխան փաստաթղթեր, պատճառ չի ունենա մերժվելու:

«Մնում է հաջորդ փուլը՝ ծառայությանն առնչվող, ավելի ժպտերես, բարյացակամ, տրամադրված մոտեցում, որի առնչությամբ ևս տվել եմ համապատասխան հրահանգ»,- ասաց  նա:

Читайте на сайте