Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակցի հայտարարությունների հիման վրա քրգործ դեռ չի հարուցվել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին թիկնապահ Արմեն Իսրայելյանի՝ մամուլում արած հայտարարությունների հիման վրա, քրգործ դեռ չի հարուցվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը: 

Նշենք, որ օրերս armtimes.com-ին տված վիդեո հարցազրույցում Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, ով 2002 թվականից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդել էր, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին:

Իր աղմկահարույց հայտարարությունից մեկ օր անց Իսրայելյանը հրաժարվել էր դրանից՝ մեկ այլ լրատվամիջոցում հերքելով ինքն իրեն:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է. «Չնայած ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին թիկնապահ, Ձկնկուլ անունով հայտնի Արմեն Իսրայելյանը հրապարակայնորեն հրաժարվել է armtimes.com-ին տված հարցազրույցում իր արած աղմկոտ հայտարարություններից, գործը փակված չի կարելի համարել: armtimes.com-ի տեսախցիկի առաջ նա նկարագրել է Սամվել Ալեքսանյանի ղեկավարության ներքո գործող մի հանցավոր սխեմա, և նրա հիշատակած փաստերից շատերը ստուգելի են, անկախ նրանից Իսրայելյանը շարունակում է դրանք պնդե՞լ, թե ոչ: ՀՔԾ-ն, ըստ այդմ, պետք է մանրամասն ստուգի փաստերը, պետք է հատուկ քննության առարկա դառնան նաև գործին մասնակից նոտարների, ինչպես նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի գործողությունները»:

Tert.am-ի հարցին, թե Իսրայելյանը բացատրություն տվե՞լ է ՀՔԾ-ում, թե ինչու է հայտարարել, ապա հետ կանգնել իր հայտարարությունից կամ Սամվել Ալեքսանյանը բացատրություն տվե՞լ է, Միքայել Ահարոնյանն ասաց. «Այս պահին չեմ կարող ասել, քննություն տվյալներ եք հարցնում, այս պահին ես չեմ կարող ասել: Երբ որ նյութեր կնախապատրաստվել և դատավարական որոշում կայացվի, կխոսենք»։

Читайте на сайте