ՀՀ-ից բացի ոչ մի երկիր ՌԴ-ից «Իսկանդեր» չի ստացել. Մոդեստ Կոլերով

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը տպավորված է Հայաստանում այսօր անցկացված զորահանդեսից և, հատկապես, «Իսկանդերի» ցուցադրությունից:

Tert.am-ի հետ զրույցում Մոդեստ Կոլերովն ասաց. «Ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերականգնված է. «Իսկանդերը» բացառում է Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ագրեսիա: Եվ սա ամենակարևոր արդյունքն է»:

Հիշեցնենք, որ այսօր ցուցադրվեցին հայկական Զինված ուժերի պատկանող հզոր և նորագույն սպառազինություններ, և առաջին հերթին` «Իսկանդեր», «Սմերչ», «Բուկ» , «Տոչկա- Ու» համակարգեր: 

Հարցին, թե տեղյա՞կ է՝ մինչև ապրիլյան պատերազմ, դրանից հետո, հայկական Զինված ուժերը ունեի՞ն այդ համակարգերը, թե ոչ, ռուսաստանցի քաղաքագետն ասաց. ««Իսկանդերները», իհարկե, հայտնվել են ավել վաղ, բայց հիմա դրանք պաշտոնապես փոխանցվել են Հայաստանին: Եվ հիմա այս «Իսկանդերները» ոչ թե ռուսական, այլ հայկական սպառազինություններ են»:

Պատասխանելով հարցին, թե բացի «Իսկանդերից» ի՞նչ այլ տեխնիկայից է տպավորվել, ռուսաստանցի քաղաքագետն ասաց, որ «Իսկանդերը» «ջոկերն» է, մնացածը խաղաքարտեր են:

Հիշեցնենք, որ արդեն իսկ հայաստանցի քաղաքագետների կողմից շրջանառության մեջ է դրվել այն տեսակետը, որ Ռուսաստանը Հայաստանին թույլ չի տա պատերազմի դեպքում այդ զինատեսակը կիրառել Ադրբեջանի դեմ:

Ըստ Մոդեստ Կոլերովի՝ սրանք հեքիաթներ են, սուտ:

Իսկ հարցին, թե Ադրբեջանն ունի՞ «Իսկանդեր», նա ասաց. «Ոչ, չունեն, Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որը ՌԴ-ից ստացել է «Իսկանդեր». Ռուսաստանը, առհասարակ, որևէ երկրի «Իսկանդեր» չի վաճառել: Հայաստանն այդ առումով բացառիկ, նախադեպը չունեցող երկիր է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե «Իսկանդերի» առկայությունը կկանգնեցնի՞ Ադրբեջանին, Մոդեստ Կոլերովն ասաց. «Եթե Հայաստանը ցանկանա կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան, ապա այն կկասեցվի: Իսկ եթե Հայաստանը ցանկանա կիսել Ղարաբաղը Ադրբեջանի հետ, ապա Հայաստանը «Իսկանդերը» չի օգտագործի»:

Читайте на сайте