Ես այն կարծիքին չեմ, որ ոստիկանական պետության ենք վերածվում. Ալիկ Սարգսյան
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագաh Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանին լրագրողներն այսօր խնդրեցին անդրադառնալ անկախության տարիների ձեռքբերումներին և բացթողումներին:
«Չի լինում անկախություն, պետության կայացում՝ առանց բացթողումների, դա, կարծես, բնականոն երևույթ է, ճիշտ կլիներ բացթողումների մասին չխոսել, այլ խոսել ձեռքբերումների մասին: Այսօր ունենք սերունդ, որն անկախության համը, շունչն ու ոգին ամբողջությամբ զգացել է»,- ասաց նա և մատնանշեց, որ ձեռքբերումները տեսանելի են սպորտի, գիտության, արվեստի բնագավառներում:
«Ընդունենք, որ մի քիչ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, ձեռքբերումները տեսանելի են դառնում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հուլիսին «Սասնա ծռեր» խմբի գործողությունների վերաբերյալ իր գնահատականին, Ալիկ Սարգսյանը նշեց. «Չեմ ցանկանում այդ մասին խոսել: Կարծում եմ՝ իշխանությունն իր գործն արեց, իսկ այն մարդիկ, ովքեր հանցագործություն էին արել, իրենք էլ իրենց գիտակցությամբ բերեցին հանգուցալուծման»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե ոստիկանության համակարգում տեսնո՞ւմ է արդյոք առաջընթաց, և համամի՞տ է հնչող այն կարծիքի հետ, թե Հայաստանը ոստիկանական պետության է վերածվում, նախկին ոստիկանապետը պատասխանեց. «Չեմ ցանկանում գնահատական տալ ոստիկանության աշխատանքի վերաբերյալ: Ես այն կարծիքին չեմ, որ ոստիկանական պետության ենք վերածվում: Ոստիկանությունն իր գործը կատարում է, ես ոստիկանության աշխատանքը չեմ վերլուծում, ես պատշաճ չեմ գտնում խոսել ոստիկանությունից»,- ասաց նա և նշեց, որ իր մոտ տոնական տրամադրություն է: