ԵՏՄ անդամակցության շնորհիվ Հայաստանի տնտեսությունն ավելի լավը դարձավ. ԵՏՀ հայ նախարար

Դրական եմ գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Կարինե Մինասյանը՝ նշելով, որ անդամակցությունն ավելի լավ անդրադարձավ ՀՀ տնտեսության վրա:

ԵՏՀ նախարարը նշեց, որ Հայաստանից արտահանման ծավալները դեպի եվրասիական շուկա մեծացել են: «Հայաստանի Հանրապետությունից արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ-պետություններ 70 տոկոսով աճել է: Սա ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքն է, անդամակցության էֆեկտն է: Եվ սա միայն առաջին օգուտն է, որը ստացել ենք մաքսային սահմանները հանելու, խոչընդոտները վերացնելու շնորհիվ»,- նշեց Կարինե Մինասյանը:

Նախարարը շեշտեց՝ ինքը վստահ է, որ առաջիկայում արտահանման ավելի մեծ աճ կլինի, ծավալները՝ կմեծանան: «Մենք մեծ պոտենցիալ ունենք»,- նշեց Մինասյանը:

Դիտարկմանը, թե արտահանումն, օրինակ, դեպի Ռուսաստան նվազել է, գուցե ծավալները աճել են, բայց դրանք ռուբլու արժեզրկման հաշվին իրենց արժութային օգտակարությունը չեն փոխել, Կարինե Մինասյանն այսպես արձագանքեց. «Արտահանումը, եթե ամբողջի մեջ դիտարկենք, նվազել է էներգետիկ աղբյուրների գների նվազման հաշվին: Արժութային առումով առևտրաշրջանառությունը նվազել է, որովհետև էներգառեսուրսների գինը նվազել է: Բայց ծավալները մեծացել են»:

Հարցին՝ ԵՏՄ-ին չանդամակցելու պարագայում Հայաստանի տնտեսական վիճակն ավելի վա՞տ կլիներ, նախարարը պատասխանեց. «Անդամակցությունը լրացուցիչ գործոն է: Մենք միշտ ասել ենք, որ ինտեգրացիան հավելյալ գործոն է: Եթե գնահատենք՝ կլինե՞ր ավելի վատ… Ես չէի դիտարկի այս հարցն այս տեսանկյունից: Ես կդիտարկեի հարցն այն կողմից, որ անդամակցության շնորհիվ տնտեսությունն ավելի լավը դարձավ»:

Читайте на сайте