Սարգսյանը բարձր է գնահատում ԵՄ հանձնառությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:


«Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: 


Նախագահ Սարգսյանը և Հերբերտ Զալբերը մտքեր են փոխանակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների և առկա իրավիճակի շուրջ: 


Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնախնդրի լուծմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու ջանքերը և վերահաստատել, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել կառուցողական քայլերը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման:


ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ է ունենում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ:



Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ», - ասված է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:


Երեկ Հերբերտ Զալբերը հանդիպումներ էր ունեցել նար Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Читайте на сайте