Մենք պետք է գնանք խելացի սպառազինման ճանապարհով. Վիգեն Սարգսյան

Մեր պաշտպանության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է այդպիսի դիվերսիոն  փորձերի պարբերականության և հնարավոր կրկնության կանխավարկածի վրա։ Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն ունի շատ հստակ և բացահայտ արտահայտվող ագրեսիվ վերաբերմունք և պարբերաբար շեշտում է ռազմական միջոցով խնդիրը լուծելու իր ցանկության և պատրաստակամության մասին։ 

«Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից դիվերսիոն փորձերին, նման տեսակետ հայտնեց ԼՂՀ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար  Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ մեր մարտական հերթապահությունը կազմակերպվում է հենց այդ տրամադրությանն արձագանքելու տեսանկյունից:

Նա  մեջբերեց  նաև Իսրայելի վարչապետներից մեկի խոսքը. «Նման փորձերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև նրանք իրենց զավակներին սկսեն սիրել ավելի շատ, քան ատում են մեր զավակներին»:

Վիգեն Սարգսյանը կարևորեց այն, որ զինվորները ունեն բարձր մարտական  պատրաստվածություն, հանգիստ  կարողանում են  իրենց խնդիրը  լուծել, հարկ  եղած  դեպքում էլ`  պատժել: 

Նախարարի գնահատմամբ`ՀՀ զինված ուժերը և ՊՆ-ն ամենաուժեղ ու կայացած պետական կառույցներ են:  Նախարարը նաև երեք կարևոր խնդիր առանձնացրեց ` խելացի սպառազինումը, կոռուպցիոն դրսևորումների վերացումը և հասարակության մեջ սպայի կերպարի արժևորումը:

«Մեզ պարտադրում են սպառազինությունների մրցավազք, մենք պետք է կարողանանք քայլ առաջ անել և պատրաստվել ոչ թե երեկվա, այլ վաղվա պատերազմին: Այդ ճանապարհին մենք պետք է շատ սթափ գնահատենք, թե որն է մեր կարիքը, ինչ ունենք մեր զինանոցներում և ինչ պետք է ավելացնել, որ այդ պայքարը նվազագույն միջոցներով, առավելագույն արդյունք տա»,- ասաց նա։

Նախարարի խոսքով` մենք պետք է ամեն ինչի դիմաց նույն տիպի զինատեսակ ունենալու գայթակղությունը վերանայենք և գնանք խելացի սպառազինման ճանապարհով:

Читайте на сайте