Ունենալու ենք լուրջ նախադրյալներ, որպեսզի վաղը շատ ավելի լավ ապրենք. տնտեսագետը կառավարության ծրագրի մասին
Պրոֆեսոր,Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում դրական համարեց նոր կառավարության ծրագիրն այն առումով, որ ծրագրում կան նշաձողեր, որոնց հաղթահարումը կարող է ապահովել երկարատև, կայուն տնտեսական աճ:
«Դա շատ եմ կարևորում, որովհետև այսօր գտնվում ենք գերծանր սոցիալտնտեսական մեկնարկային դիրքերում: Ըստ կառավարության ծրագրի՝ մենք ունենալու ենք լուրջ նախադրյալներ, որպեսզի վաղը շատ ավելի լավ ապրենք: Ժամանակակից պայմաններում տնտեսական արդյունավետ ծրագրի իրականացումը մեծապես կախված է երկրում սահմանադրականության դեֆիցիտից»,- ասաց նա:
Տնտեսագետը գտնում է, որ ծրագրի հաջող իրականացումը պայմանավորված է կառավարության օղակներում կոնկրետ լիազորությունները, մեխանիզմները լավագույնս կառավարելով:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ ասաց, որ Հայաստանի համար գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը առանցքային, դոմինանտ նշանակություն կարող է ունենալ արտահանման ծավալների ավելացման և ընդհանրապես ներքին պահանջարկի բավարարման հարցում: Հայկ Սարգսյանը կարևորեց արդյունավետ գյուղատնտեսական ձեռնարկությունների գործունեությունը:
«Երկու խնդիր պետք է կարողանանք լուծել գյուղատնտեսության ոլորտում՝ մեկը արտադրանքի իրացման հիմնախնդիրն է, երկրորդը՝ պետության աջակցությունը ապահովագրական ամենատարբեր համակարգի ներդրման հարցում: Գյուղատնտեսությունը բոլոր երկրներում է սնվում դոտացիաների միջոցով, մեր երկիրը չի կարող բացառություն լինել»,- ասաց նա և նշեց, որ անոմալիաների դեպքում պետությունը պետք է գյուղացու կողքին լինել:
Տնտեսագետը հատկապես հատկանշական համարեց, որ կառավարության ծրագրում ձևակերպվում է կոնկրետ նպատակ՝ հստակ հասցեականությամբ, ժամկետներով, միջոցառումներով և հետևողական լինելու դեպքում, կարծում է, որ կառավարությունը կհաջողի: