Փաստեր, որոնք ապացուցում են, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը Էրդողանի բեմադրած ներկայացումն էր
gzone.com.tr թուրքական կայքը հրապարակել է մի ցուցակ, որում մանրամասն ներկայացրել է այն բոլոր փաստերը, որոնք հուշում են Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման ոչ այնքան իրական լինելու մասին:
Tert.am-ը ստորև ներկայացնում է այդ ցուցակի հայերեն թարգմանությունը:
Հեղաշրջման գիշերը գերի չվերցվեց ո՛չ նախագահը, ո՛չ էլ որևէ պատգամավոր: Ավելին` ոչ մի նահանգապետ և շրջկենտրոնի ղեկավար նույնպես գերի չվերցվեց և նման իրավիճակում «գրավվեցին» օդանավակայաններ ու կամուրջներ: Հեղաշրջման մասին հայտարարությունը կարդացվեց այն պարագայում, երբ վերը նշված բոլոր անձիք պաշտոնանկ արված չէին:
Հեղաշրջման մասին հայտարարությունը անանուն էր և առանց ստորագրության:
Երկրում ուժեղացված հսկողության մասին պաշտոնական ոչ մի հայտարարություն չարվեց:
Չհայտարարվեց նաև փողոց դուրս գալու արգելք, ինչին սովոր էին նախորդ հեղաշրջումները տեսած մարդիկ:
Փողոցներում բացի շարքային զինվորներից ոչ մի զինվորական չէր երևում: Շարքայինները տեղյակ չէին, թե ինչ գործողության են մասնակցում և ինչ նպատակով:
Զինվորներին հրամայվել էր սպասել մինչև երկրորդ հրամանը: Այդ հրամանը այդպես էլ չեկավ, երբ զինվորները մնացին փողոց դուրս եկած ամբոխի հետ դեմ առ դեմ և հոշոտվեցին վերջիններիս կողմից:
450 000 ք/մ տարածք ունեցող նախագահական պալատի գրավման համար ուղարվկեց ընդամենը 16 զինվոր, որոնք ձերբակալվեցին ոստիկանների կողմից հենց նախագահական պալատի դիմաց:
Cnn Türk- և Doğan Medya-ի պես խոշոր հեռուստաալիքների գրավումից հետո այդ գիշեր նրանց հեռարձակումն այդպես էլ չդադարեցվեց և չարգելվեց:
«Գրավվեց» նաև Թուրքիայի հանրային հեռուստաալիքը: Սակայն հեղաշրջման մասին հայտարարության ընթերցումից հետո հեռուստաալիքը միանգամից ետ գրավվեց և շարունակեց իր եթերն այնտեղից, որտեղից կիսատ էր թողնվել:
Այդ գիշեր Թուրքիայի միանգամից 90 000 մզկիթներում միաժամանակ սկսվեց «սելա»-ի կանչը (Սելան դա մզկիթներում մահմեդական հոգևորականների կողմից արվող հատուկ կոչ է ), որը կոչ էր անում բոլորին փողոց դուրս գալ:
Իշխանության ներկայացուցիչներն իրարից առանձին օգտագործում էին նույն արտահայտությունները, ինչպես օրինակ «Դուրս եկեք փողոց» և այլն: Ավելին`նրանք «Տանից դուրս չգաք մինչև իրավիճակը չհանդարտվի» կամ «Թող որ մեկ քաղաքացու քիթն անգամ չարնահոսի» ասելու փոխարեն անընդհատ կոչ էին անում փողոց դուրս գալ այն րոպեներից սկսած, երբ դեռ չկային իրավիճակի մասին հստակ տեղեկություններ:
Այն պահին, երբ հեռուստաալիքներից հնչում էին փողոց դուրս գալու կոչեր, Թաքսիմի հրապարակում Աթաթուրքի արձանի դիմաց կանգնած զինվորներից 20 մետր հեռավորության վրա կանգնած ոստիկանները ոչինչ չարեցին:
Փողոց դուրս եկած քաղաքացիները կարողացան կանգնեցնել տանկերով առաջ եկող զինվորներին այն դեպքում, երբ նրանց ձեռքի զենքը հիմնականում փայտե մահակն էր:
Այն պարագայում, երբ հայտնի էր նախագահական ինքնաթիռի գտնվելու վայրը, ապստամբները F16 կործանիչներով ժամեր շարունակ «թափառում էին» Անկարայի երկնքում, նախագահական ինքնաթիռը այդպես էլ հարձակման չենթարկվեց:
Չնայած, որ հայտարարվեց Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի գրավման մասին` Էրդողանը բարեհաջող վայրէջք կատարեց հենց այնտեղ և միանգամից ասուլիս կազմակերպեց: