Էրդողանը դիկտատուրայի ամրապնդման համար կեղծ հաղթանակների ետևից է ընկած. թուրք սյունակագիր
Թուրքական «Էվրենսել» պարբերականի սյունակագիր Յուսուֆ Քարաթաշը իր վերջին հոդվածում անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ռազմատենչ վարքին և դրա պատճառներին:
Ըստ սյունակագրի` Թուրքիան Մոսուլի հարցում կրած անհաջողություններից առաջացած բարկությունը թափում է Սիրիայի քրդերի գլխին:
Նա համոզված է , որ Էրդողանն «ուժեղ առաջնորդի» իմիջը պահելու համար պատրաստ է «կեղծ հաղթանակներ» գրանցել Թուրքիայի համար:
Վերլուծելով Էրդողանի գործողություններն ու շաբաթներ առաջ արած հայտարարությունները, Քարաթաշը փաստում է, որ Լոզանի մասին հակասական հայտարարությունները Էրդողանը բնավ պատահական չէր հնչեցնում:
Ստորև ներկայացնում ենք Յուսուֆ Քարաթաշի հոդվածից հատվածներ:
«Այսօր զարգացող իրադարձությունները մեզ ցույց են տալիս, թե ինչեր կար Էրդողանի ` «Ոմանք մեզ փորձել են համոզել, որ Լոզանը Թուրքիայի համար հաղթանակ է» խոսքերի տակ: Դրանով նա փաստացի հայտարարում է, որ Լոզանի ժամանակ կորցրածները հետ բերելու ժամանակն է, միևնույն ժամանակ ինքն իրեն հռչակեց այդ նոր ժամանակաշրջանի առաջնորդը:
Այլ կերպ ասած` իրականացվում է մի քարոզչություն, ըստ որի ամբողջ ուժը կուտակված է հենց Էրդողանի մեջ, և որ Թուրքիան տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է:
Սակայն անկախ ամեն ինչից, Մոսուլում զարգացող իրադարձություններում Թուրքիայի գրանցած անհաջողությունների կողքին կարիք կար «ուժեղ երկրի» և «ուժեղ առաջնորդի» իմիջը պահելու համար նոր կեղծ հաղթանակներ ստեղծել: Հալեպի հյուսիսում քրդական դիրքերի ռմբակոծումը հենց այդ շարքից է: Այլ կերպ ասած` Թուրքիան Մոսուլի հարցում կրած անհաջողություններից առաջացած բարկությունը թափում է Սիրիայի քրդերի գլխին:
Էրդողանը դիկտատուրայի ամրապնդման համար կեղծ հաղթանակների ետևից է ընկած:
Միևնույն ժամանակ այս ամենը ցույց տվեց, որ Թուրքիայի` Սիրիա մտնելու իրական պատճառը ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է, այլ քրդերը»: