Կարծում եմ՝ ԵԽ-ն շուտով իր դիրքորոշումը կարտահայտի. ԵԽ ներկայացուցիչը Բաքվի ապրիլյան բռնությունների մասին
Ցանկացած բռնություն ցավալի է. Tert.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում ապրիլյան պատերազմի օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանին հարակից հայկական բնակավայրերում ադրբեջանական զինուժի կիրառած բռնություններին, այսպես պատասխանեց Եվրախորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը։
«Մենք հույս ունենք, որ այդ ոտնահարումները կքննվեն: Կարծում եմ՝ գործերը հասել են Եվրոպայի խորհուրդ նորմալ ընթացակարգերով կամ հայցադիմումներ են ներկայացվել ՄԻԵԴ կամ այլ ընթացակարգեր են օգտագործվել, օրինակ՝ դա բերել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ժողով կամ Մարդու իրավունքների հանձնաժողով»,-ասաց նա:
Նա նշեց, որ կարծում է՝ Եվրախորհուրդը հնարավորություն կունենա շուտով իր դիրքորոշումն արտահայտելու:
«Նման բռնություններ հաճախ պատահում են, երբ ուժի կիրառման համաչափությունը բացակայում է: Այսպիսով՝ սա մարդու իրավունքների ամենակարևոր տարրերից է ՝ պահպանել հավասարակշռությունը: Եվ կարծում եմ՝ դա այն է, ինչ մենք փորձում ենք անել»,- ասաց նա: