17-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանը մեղսունակ է ճանաչվել

Ադրբեջանական գերությունից վերադարձած, 17-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանը փորձաքննության արդյունքներից ելնելով ճանաչվել է մեղսունակ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանը:

Պաշտպանը հայտնեց, որ երկու՝ դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությունների արդյունքները ստացել են, իսկ դատահետքաբանական փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն:

«Արսեն Խոջոյանի մասով դատաբժշկական փորձաքննության համաձայն ՝ կտրող, ծակող գործիքով պատճառած վնասվածքից է մահը վրա հասել, իսկ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների համաձայն՝ Արսեն Խոջոյանը ճանաչվել է մեղսունակ, դատահոգեբանական փորձաքննությունը փաստել է աֆեկտի բացակայությունը»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ տվյալների՝ հունիսի 24-ին՝ ժամը 20.55-ին, ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա։ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ վրա գտնվող հատվածից սուր-կտրող գործիքով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով «Բերդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա քաղաքացի, ով գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել էր:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն:

Читайте на сайте