Երևանում ավտոկայանման համար ապօրինի գումար գանձելու դեպքեր են գրանցվել. քաղաքապետարանը կդիմի իրավապահներին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքում ավտոկայանումների համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ իրավախախտ 6 անձ բերման է ենթարկվել ոստիկանության «Կենտրոն» բաժանմունք:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Անդրադառնալով վերոնշյալ երևույթին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունն ու արձանագրված բոլոր դեպքերը փոխանցել իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար:
«Անընդունելի այս երևույթը պետք է իսպառ բացառվի, մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ըստ այդմ, շարունակեք աշխատանքը՝ համագործակցելով ոստիկանության հետ արձանագրված դեպքերը փոխանցեք Երևան քաղաքի դատախազությանը: Բացի այդ, հանրությանը նաև ներկայացրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են նման դեպքեր, որպեսզի մարդիկ տեղեկանան ու տվյալ վայրերում նույնը կրկնվելու դեպքում չվճարեն ապօրինաբար գանձվող գումարները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ավտոկայանման համար ապօրինի գումար գանձելու դեպքեր են արձանագրվել մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.
· Մաշտոցի պողոտա՝ «Մարգարյան» հիվանդանոցի դիմաց
· Վազգեն Սարգսյան փողոց՝ Կենտրոնական բանկի դիմաց
· Եզնիկ Կողբացի փողոց՝ «Վան» ստոմատոլոգիական կենտրոնի հարևանությամբ
· Ամիրյան փողոց՝ «Սամսունգ» խանութի դիմաց
· Հյուսիսային պողոտա 5 հասցեի դիմաց
· Մովսես Խորենացու փողոցի թիվ 1 (Գումի) շուկայի դիմացի մայթ
· Վարդանանց - Սիմոն Վրացյան խաչմերուկ
· Պարոնյան փողոցի Նաիրի բ/կ շրջակայքը
· Հին Երևանցու փողոց
· Իսահակյան - Գ. Քոչար խաչմերուկ (Դրամատիկական թատրոնի հարակից հատված)
· Բաղրամյան պողոտա 14 (նոտարի բակ)
· Մհեր Մկրտչյանի փողոց
· Գլխավոր պողոտայի Բուզանդի փողոց (Վերնիսաժ) հատվածում
· Երվանդ Քոչարի փողոցի «Ինեկոբանկ»-ի հարակից հատված
· Թումանյան փողոցի հ.30 շենքի հարակից հատված
· Ագաթանգեղոսի, Խորենացու փողոցներ