ՊՊԾ գնդի գործը ցանկանում են մինչև տարվա ավարտն ուղարկել դատարան, սակայն միևնույն է, չեն հասցնի. փաստաբան
«Սասնա ծռերի» անդամների վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները տրված են, յուրաքանչյուրի նկատմամբ պատժի չափն էլ սահմանված է: Արդարադատության ոլորտում մնացել է կատարածուների գործը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան. «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը, անդրադառնալով «Սասնա ծռերից» 14-ի վերաբերյալ նախաքննության ավարտին ու իրավական զարգացումներին:
«Ես ենթադրում եմ, որ ՀՀ իշխանությանը պարտադրել են արագ ավարտել գործը, որովհետև այդ գործերի հետ կապված գումարներ են տրամադրելու, դրա համար այս մարդիկ ձեռ ու ոտ ընկած ուզում են գործն ավարտել: Օրինակ, կասեն իրավապահ մարմինների կամ դատական համակարգի կատարելագործման համար գումար է անհրաժեշտ, գումարը կստանան միջազգային կառույցներից ու դրա անվան տակ բյուջեն կլցնեն,որ հետո էլ միջազգային կառույցներից փող ստանան: Դրա համար, ՊՊԾ գնդի գործը ցանկանում են մինչև տարվա ավարտն ուղարկել դատարան, սակայն միևնույն է, չեն հասցնի, որովհետև պաշտպաններիս առնվազն մեկ ամիս ժամանակ է պետք, որպեսզի ծանոթանանք գործին»,-ասաց Հարություն Բաղդասարյանը:
Անդրադառնալով նախաքննության արագ ընթացքին, Հարություն Բաղդասարյանն ասաց, որ այստեղ մեկ սկզբունքային բան կա. տարածքում տեսախցիկներ կան և այդ ամենը նկարահանվել է։
«Տեսախցիկները կան և այդ ամենը նկարահանվել է, սակայն եթե այդպես է, ապա տեսագրությունները կարող էին նայել և մեկ ամիս անց գործն ուղարկեին դատարան, ուրեմն դա էլ չի: Հետևաբար` ներքին խնդիրներ կան, երևի խնդիր ունեն հասարակության մեջ վստահության բարձրացման, թե ինչ կստացվի, կպարզվի առաջիկայում»,– ասաց նա:
Ինչ վերաբերում է կալանքի ժամկետին, որը չի կարող տևել ավելի քան 11 ամիս, Հարություն Բաղդասարյանն ասաց, որ դա սահմանված է օրենքով, սակայն, օրինակ՝ Նորք-Մարաշի գործն արդեն մեկ տարի է քննվում է.«Այսինքն՝ մեկ տարի է գործի քննությունը գնում է, մի մասն են անջատել և ուղարկել դատարան, բայց հիմնական մասը մնացել է: Այսինքն՝ մեկ տարուց ավել գործ են քննում, բայց ՊՊԾ-ի վերաբերյալ չորս ամսում գործի մի մասն արդեն ավատել են»:
Հարցին, թե մեղադրանքները վերջերս են լրացվել, հետևաբար նախաքննությունը նոր հանգամանքներ է պարզել, Հարություն Բաղդասարյանն ասաց.«Որ ցանկանան ամբողջ քրեական օրենսգիրքն էլ կկարեն «Սասնա ծռերի» վրա, սակայն այստեղ ինձ այլ բան է հետաքրքրում: Արդյո՞ք մեղադրական եզրակցությունը կազմելիս , դատախազն այնտեղ նշելու է, թե որոնք են գործողություն ծնող պատճառները. դրա հետևանքը որն է եղել և դրա կանխարգելման միջոցները որոնք են: Եթե այդ ամենը համարում են հանցագործություն, ուրեմն իրենք պետք է ասեն, թե ինչո՞ւ համար են այս մարդիկ այդ գործողությունները կատարել, այնպես չէ, որ այս մարդիկ ՊՊԾ գունդը շատ էին սիրում և դրա համար մտել են ՊՊԾ գունդ՝ սեր բացատրելու համար»:
Պաշտպանի խոսքով՝ մեղադրող կողմը պետք է կարողանա մեկնաբանել,թե ինչու են այդ գործողությունները տվյալ մարդիկ կատարել, որովհետև «Սասնա ծռերը» քաղաքական պահանջներ են առաջ քաշել, սակայն այդ ամենը լուծվելու է քաղաքական հարթության մեջ:
Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ պատահական չէ, որ հայտարարություններ են արվում, հետո մեղադրանքներ առաջադրվում:
Ըստ նրա՝ քաղաքական վերնախավում «Սասնա ծռերին» վերաբերող բոլոր հարցերի պատասխանները տրված են.«Ընդ որում տրված է նաև այն հարցի պատասխանը , թե ում քանի տարի պատիժ պիտի տան, սա քրեական և դատական դաշտում կատարածուների գործ է, նրանք արդարադատություն չեն իրականացնում; Ես ենթադրում եմ, որ դատավորների մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կարողանան ընդդիմանալ գոնե այն կտրվածքով, որ գործն իրենց չմակագրեն, իրենց դեմքը պահելու համար»:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը 14 մեղադրյալի նկատմամբ քրեական գործն անջատել է, և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, տուժողներին, դատավարության մյուս մասնակիցներին: