Ռուսաստանը Հայաստանում 2-րդ ռազմակայան ստեղծելու անհրաժեշտություն չունի. Ալեքսեյ Մալաշենկո

Ռուսաստանը Հայաստանում նոր ռազմակայանի կարիք չունի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան, անվտանգության հարցերով փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով օրերս Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի կատարած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ հանրապետության նախագահն օրերս տված հարցազրույցում հայտարարել է, որ Գյումրի ռազմակայանից բացի նոր ռուսական ռազմակայանի ստեղծման անհրաժեշտություն չկա: «Փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն», - նշել է ՀՀ նախագահը։

Մալաշենկոն ասաց, որ, ըստ էության, համաձայն է Սերժ Սարգսյանի հետ, բայց միաժամանակ նշեց, թե իր համար անհասկանալի է՝ որտեղի՞ց է եկել այս միտքը:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ Կրեմլում նման «ախորժակ» ունեն, իսկ Սերժ Սարգսյանն էլ փորձում է այպիսով փակել թեման, Ալեքսեյ Մալաշենկոն այսպես արձագանքեց.

«Ճիշտն ասած, այս հայտարարությունն ինձ համար բավական տարօրինակ է: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը նման ցանկություն ունի: Հայաստանում արդեն մեկ բավական հզոր ռուսական բազա կա: Ինչո՞ւ է պետք երկրորդը, ես չեմ հասկանում: Երկրորդ բազան կարող է լրացուցիչ սրել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: Ես չեմ լսել երբևէ, որ ռուսական քաղաքական շրջանակներում նման քննարկում անցկացվի»:

Նոր ռազմակայանի ստեղծումը, ըստ Մալաշենկոյի, պետք է նպատակ ունենա, որոշակի հարցերի լուծմանն օգնի, կամ՝ լինի Ռուսաստանին սպառնացող որևէ ուժի դեմ:

Читайте на сайте